Նոր «Տնտեսագետը»՝ կարևորի, արժեքավորի, հետաքրքրականի ու լավագույնի մասին

Դիտումների քանակ՝ 1551

Ամսագրի տարեվերջյան համարը բազմաբնույթ նյութեր ու հրապարակումներ է ներառում և Ամանորին ընդառաջ սկսվում է ռեկտոր Կորյուն Աթոյանի տոնական բարեմաղթանքով:
Անդրադառնալով «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովին, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ներկայացնում ենք հարցազրույց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի հետ, որում պրոֆեսորը պատմում է խորհրդաժողովի վերաբերյալ իր տպավորությունների և ՀՀ տնտեսության զարգացման իր տեսլականի մասին:
Հայկական դրամի քառորդդարյա ճանապարհին և ՀՀ դրամավարկային քաղաքականությանն է անդրադառնում ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը:
Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված շարունակում ենք տպագրել մեր ուսանողների ուսումնասիրությունները. այս անգամ Աննա Սարգսյանը կերտում է Դանիել Բեկ-Փիրումյանի հերոսական կերպարը:
Հայաստանում անցկացվող Եվրասիական շաբաթի մասնակից-փորձագետներ են դարձել մեր համալսարանի դասախոսներն ու ուսանողները. ռեպորտաժ միջոցառումից:
Սիմոն Հակոբյանի «Ժամացույցը կանգ առավ 11.41-ին» ակնարկ-հուշագրությունը նվիրված է 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Թե ինչ են բերում փոփոխությունները, ինչպես պետք է դառնալ փոփոխությունների մասնակիցն ու իրագործողը. խորհրդածում ու խորհուրդ են տալիս ուսանողները:
Ամանորի մանդարինաբույր իր վերհուշն է ներկայացնում Մերի Աբգարյանը: Հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանին է անդրադառնում Արման Գուլյանը:
Աստղիկ Հովհաննիսյանն իր հեղինակային խորագրում՝ «Երբ խոսում են թվերը…», պարզաբանում է, թե ամռանն ու ձմռանը ֆինանսական ինչ օգուտներ ենք ստանում զբոսաշրջությունից և ինչպես է այն անդրադառնում ՀՀ տնտեսության վրա:
«Համաշխարհային բրենդն» այս անգամ երաժշտական ծնծղա արտադրող Zildjian բրենդի մասին է, «Վերծանելով արվեստի գաղտնագրերը»՝ Սուրբ Թադեի վանքի, «Մեր շնորհալին»՝ անվանական կրթաթոշակակիր, լուսանկարիչ ու սաքսոֆոնահար Արշակ Իսոյանի:
Ամսագրում տեղ են գտել նաև CrosSkill ուսանողական աշխատաժողովին, «Էրազմուս+», ESPAQ ծրագրերին վերաբերող նյութեր:
«Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված ամփոփում է համալսարանի կարևոր իրադարձությունները:
Ամսագիրն ավարտվում է «ՀՊՏՀ խաղեր-2018» մարզամշակութային փառատոնի մասին պատմող նյութով և 2018 թ. ՀՊՏՀ լավագույն մարզիկների տասնյակով:
Շապիկի 2-րդ էջին «ՀՊՏՀ խաղեր-2018»-ի հաղթող ֆակուլտետային թիմն է, 47-րդ էջում՝ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության հաղթողները:
Համարի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:
Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am«Տնտեսագետ» ամսագրի բաժնում:  
Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին