Գիտական խորհրդի ընդլայնված նիստում հավանություն տրվեց ՀՊՏՀ 2018թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին գիտական խորհրդի անդամները, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ, ուսանողներ: ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց օրակարգի միակ հարցը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2018թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին», որը զեկուցեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
«2018 թվականին հիմնականում հաջողվեց լուծել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 2018 թվականի համար նախատեսված խնդիրների զգալի մասը»,- զեկուցումն այսպես սկսեց Կորյուն Աթոյանը և որպես շոշափելի ձեռքբերումներ՝ ներկայացրեց հետևյալը.
2018 թվականին ՀՊՏՀ որակի ապահովման բաժինը մասնակցել է «Կրթական բաց տեղեկատվության և կիրառական հետազոտության կառավարումը և բուհերի կարողությունների հզորացումը Մոլդովայում և Հայաստանում» Erasmus+ ծրագրի մշակմանը, որն արժանացել է ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային գործադիր գործակալության» հավանությանը: Այդ ծրագրի մեկնարկը կտրվի 2019 թ. հունվարից: Կոնսորցիումի անդամ են 7 երկիր (Մոլդովա, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Սլովենիա, Բելգիա) ներկայացնող 16 կրթական հաստատություն:
Շարունակվում է միաժամանակ երեք բուհի (այդ թվում՝ արտասահմանյան) դիպլոմ ստանալու հնարավորություն տվող մագիստրոսական կրթական ծրագիրը։ Այժմ 11 ուսանող ուսումնառում է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում և ուսումնառության ավարտին կպաշտպանի մագիստրոսական թեզ։
Շարունակվել են ուսումնական գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները։
Ամբողջությամբ իրականացվել են կրթության որակի ներքին համակարգի ներդրմանն ուղղված՝ 2018 թ. համար նախատեսված միջոցառումները։
Ակտիվացել է ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների շարժունությունը։
2018 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հինգ տարի ժամկետով, ինչն աննախադեպ երևույթ է Հայաստանի հանրային քաղաքականության բնագավառում ուղեղային կենտրոնների ներգրավման առումով։
Շարունակվել են ուսումնական և գիտական գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական հենքի բարելավման աշխատանքները,
Ընդլայնվել են ուսանողներին և դասախոսներին սոցիալական աջակցության ծրագրերը:
Այնուհետև, ըստ գործունեության ուղղությունների, Կորյուն Աթոյանը համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքներն՝ ընդգծելով խոշոր ձեռքբերումները, մատնանշելով խնդիրները: Եվ այսպես, ռեկտորն անդրադարձ կատարեց ուսումնական գործունեությանը՝ առանձնացնելով ebuh.am ամբողջական ավտոմատացված ծրագրային փաթեթի ներդրման գործընթացը, որը կմեկնարկի 2019 թ. հունվարից. համակարգ են մուտքագրվել գործող բոլոր կրթական ծրագրերի ուսումնական պլանները, ուսանողներին վերաբերող հիմնական տվյալները: 2018 թ. մեր համալսարան է ընդունվել և հրամանագրվել 1034 ուսանող, ուսանողների ընդունելության պլանը չի կատարվել. այս պահին համալսարանի ուսանողների թիվը 6007 է: Ծավալուն աշխատանքներ են իրականացվել ուսումնամեթոդական աշխատանքների ուղղությամբ՝ հրատարակվել է «Ուսանողի ուղեցույցը», իրականացվել է 6 մասնագիտությունների կրթական ծրագրերի իրագործման վերահսկողություն, ստեղծվել է այդ ծրագրերի մշակմանը գործատուների ներգրավման և շահամիտման կառուցակարգ, դասավանդման և գնահատման մեթոդների համապատասխանեցման հարցում մեծ օժանդակություն կլինի ուսման Moodle համակարգի կիրառումը, ընդարձակ աշխատանքներ են իրականացվել կրթության որակի ապահովման ուղղությամբ՝ միտված կրթության որակի մշտական բարելավմանը և գերակա նպատակների իրագործմանը: Գիտահետազոտական գործունեության շարքում նշվեց՝ շարունակվել է ամբիոնային 75 թեմայով գիտահետազոտական աշխատանքների, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի 6 դրամաշնորհային, 4 գիտաուսումնական լաբորատորիաների թեմաների և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 3 գիտական ուղղություններով ծրագրերի իրականացումը: Միջազգային գործունեության շարքում Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ համալսարանում ակադեմիական շարժունությունն իրականացվել է հիմնականում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում ՀՊՏՀ-ից գործընկեր բուհեր են գործուղվել 31 ուսանող, որոնցից 24 բակալավրիատի ուսանող, 7 մագիստրոս, այդ թվում՝ 1 ուսանող ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից։ Նույն ժամանակահատվածում համալսարանից գործընկեր բուհեր են գործուղվել 18 դասախոս և 13 վարչական աշխատակից։ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում նախատեսված է ևս 10 վարչական աշխատակցի փոխանակում։ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում նախատեսված է համալսարանից գործընկեր բուհեր գործուղել 19 ուսանող և 37 դասախոս ու վարչական աշխատակից։ Այդ ընթացքում գործընկեր բուհերից համալսարանում կհյուրընկալվեն 6 ուսանող և 34 դասախոս ու վարչական աշխատակից:
Հասարակայնության հետ կապերի գործունեությունից Կորյուն Աթոյանն առանձնացրեց նոր ձևավորմամբ և տեխնիկապես վերազինված համալսարանի նոր կայքի գործարկումը 2018 թվականին: Գիտակրթական գործունեության նյութատեխնիկական հենքի նորացման ու կատարելագործմանն ուղղված աշխատանքները, բարենորոգման, տեխնիկական վերազինման և մյուս աշխատանքները կազմել են տնտեսական գործունեության առանցքը: Ուսանողական խորհրդի գործունեությունից շեշտադրվեց ՈՒԽ-ին հատկացված միջոցների հաշվին 51 ուսանողի տրամադրված ուսման վարձի զեղչի մասին: Կորյուն Աթոյանը ներկայացրեց նաև 2018 թ. բյուջեի կատարման արդյունքները:
Հաշվետվության ներկայացումից հետո ելույթ ունեցավ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով մեր համալսարանի զարգացման փուլերին, վերջին տարիներին կատարված աշխատանքներում շեշտադրելով ռեկտոր Կորյուն Աթոյանի ղեկավարած տարիները, որոնք, նրա խոսքով, աչքի ընկան հավակնոտ ծրագերի իրագործմամբ, գիտական գործունեության ֆինանսավավորմամբ, աննախադեպ միջազգային ծրագրերով, ինչպես նաև առկա խնդիրները:
ՀՊՏՀ գիտական խորհուրդը ընդլայնված նիստում հավանություն տվեց ՀՊՏՀ 2018 թվականի ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությանը, ինչպես նաև որոշում ընդունեց այն ներկայացնել ՀՊՏՀ խորհրդի քննարկմանն ու հաստատմանը: Որոշումը հաստատվեց քվեարկությամբ:
Հրաժեշտի ելույթով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր շուրջ 8 տարի աշխատել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և հուսով է՝ կոլեկտիվից բաժանվում է բարեկամաբար և քաղցր հուշերով: Կորյուն Աթոյանը ջերմորեն շնորհավորեց Ռուբեն Հայրապետյանին՝ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առթիվ, մաղթեց բազում հաջողություններ, իսկ կոլեկտիվին կոչ արեց համատեղ ուժերով նպաստել համալսարանի առաջընթացին: Կորյուն Աթոյանը ներկաներին շնորհավորեց նաև Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը կոլեկտիվի անունից Կորյուն Աթոյանին հուշանվեր հանձնեց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին