«Երիտասարդների զարգացում» ծրագիրը՝ ՀՊՏՀ-ում. կյանքի և բիզնեսի հմտությունների զարգացում՝ մենթորների աջակցությամբ

Դիտումների քանակ՝ 1256

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ Տնտեսագիտական համալսարանն այսօր միացավ երիտասարդների հմտությունների կատարելագործմանն ուղղված «Երիտասարդների զարգացում» ծրագրին: Այն իրականացնում է IAB բիզնեսի միջազգային ակադեմիան՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հովանավորությամբ: Բուհում հյուրընկալվել էին ծրագրի կազմակերպիչները, տարբեր առաջատար ընկերություններ ներկայացնող մենթորներ:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ կարևորելով նման համագործակցությունները և շեշտելով, որ գործատուներն օժանդակում են կրթության որակի բարելավմանը:
«Մենք հենց առաջին օրից փորձել ենք համագործակցություն առաջարկել Հայաստանի պետական և մասնավոր հատվածների բոլոր այն գործատուներին, ովքեր նույնպես ցանկություն ունեն Հայաստանում ևս մի քանի քայլով առաջ տանել բարձրագույն կրթության որակը: Մենք ցանկանում ենք, որ գործատուների հետ համագործակցությունը ոչ թե մեկ-երկու դրվագներով լինի, այլ ճիշտ կլինի, որ գործատուներն ընդգրկվեն կրթության մատուցման ամբողջ գործընթացում»,- իր խոսքում ասաց բուհի ղեկավարը:
Ներկաներին ողջունեցին նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Լուսինե Պետրոսյանը և IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի մարդկային ռեսուրսների կառավարման կենտրոնի ղեկավար Թամարա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրենց կազմակերպությունների գործունեությունը, մեկնարկած ծրագրի բովանդակությունը: Այնուհետև սկսվեց ուսանողների ինքնազարգացումը խթանող բանախոսությունների շարքը: Առաջինը հանդես եկավ IAB ակադեմիայի թրեյներ Հակոբ Մագդիսը՝ կանգ առնելով ինքնաներկայացման ու հաղորդակցման հմտությունների վրա: Սիրիահայ երիտասարդը ուշագրավ ու ինտերակտիվ սեմինար վարեց, որը պարզաբանում էր խոսքի, ժեստերի, հագուկապի, կեցվածքի, պահելաձևի, ընդհանուր առմամբ՝ իմիջի առանձնահատկությունները:
Բանախոսություններից հետո ուսանողները բաժանվեցին խմբերի և համալսարանի նոր կահավորված նախասրահում, մենթոր-գործատուների անմիջական մասնակցությամբ, խմբային աշխատանքների ձևաչափով շարունակեցին դասընթացները:
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը՝ վերոնշյալ ծրագրում ներգրավված են հայաստանյան մի շարք բուհեր: Այն եռամյա է, և այդ ընթացքում նախատեսվում են հանդիպումներ, թրեյնինգներ և այլ միջոցառումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին