ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցեցին երկօրյա վերապատրաստման․ առանցքում աշխատանքային օրենսգրքի փոփոխություններն էին

16.03.2023
Դիտումների քանակ՝ 1137

Մարտի 14-ին և 15-ին ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվապահական հաշվառման բաժնի աշխատակիցները, ինչպես նաև բիզնես վարչարարության ամբիոնի դասախոսները մասնակցեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ վերապատրաստման դասընթացի, որի 12 մասնակիցներ երեկ ստացան հավաստագրեր։

Վերապատրաստումն անցկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ժորա Սարգսյանը։ Մեզ հետ զրույցում նա պարզաբանեց, որ վերապատրաստման առանցքում եղել են աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, սակայն քննարկումները ծավալվել են նաև գործող կարգավորումների շուրջ, քանի որ մասնակիցներն այդ առնչությամբ ևս ունեցել են հարցեր։ «Կարծում եմ՝ արդյունավետ օրեր էին, քանի որ կարողացանք միասին մանրամասն անդրադառնալ օրենքի նոր նախագծով առաջարկվող փոփոխություններին, ինչպես նաև՝ գործող օրենքի կարգավորումներին։ Երկու ուղղությամբ էլ աշխատակիցներն ունեին բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ էլ ծավալվեց մեր քննարկումը։ Հուսով եմ՝ այն տեղեկատվությունը, որը ներկայացվեց, օգտակար կլինի»,- ասաց Ժորա Սարգսյանը։

Նշենք, որ այս տարվա սկզբին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի լայնածավալ փոփոխությունների նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխել օրենսգրքի 266 հոդվածից 122-ը։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից և խորհրդարանական լսումների փուլն անցնելուց հետո կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։