ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվեց Վահագն Խաչատուրյանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նոր կազմը, հաստատված ՀՀ Կառավարության կողմից, այսօր անցկացրեց խորհրդի առաջին նիստը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհավորեց խորհրդի անդամներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների, ինչպես նաև՝ խորհրդի նոր կազմում ընդգրկվելու առթիվ։
Օրակարգային առաջին հարցը «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի ընտրությունն էր, և մինչ ընտրությունը նիստը վարեց խորհրդի ամենաավագ անդամը՝ կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գագիկ Ասլանյանը։ Նա բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկեց տնտեսագետ, խորհրդի նախկին նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը՝ նշելով, որ նրա նախագահությամբ անցնող մեկ տարվա ընթացքում համալսարանն աշխատել է շատ արդյունավետ և արձանագրել է բազում հաջողություններ։ Խորհուրդը բաց քվեարկությամբ խորհրդի նախագահ ընտրեց Վահագն Խաչատուրյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեց խորհրդին վստահության համար և նշեց, որ առաջիկա տարիներին ևս պետք է համատեղել խորհրդի ջանքերը՝ բուհի նախանշած նպատակներին հասնելու և առկա խնդիրները լուծելու համար։
Այնուհետև խորհուրդը հաստատեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որից հետո ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը զեկուցեց ՀՊՏՀ 2021թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, 2021 թ. բյուջեի կատարման արդյունքները և 2022 թ. բյուջեն, որոնց մանրամասները կարող եք տեսնել ակտիվ հղումներով (հաշվետվությունները հրապարակված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Հաշվետվություններ»-ի ներքո)։
Ռեկտորի զեկուցումներից հետո խորհրդի անդամները հնչեցրին հարցեր, բարձր գնահատեցին բուհի տարեկան գործունեության արդյունքները և պատրաստակամություն հայտնեցին՝ աջակցելու համալսարանի հետագա զարգացմանը։ Խորհուրդը հավանություն տվեց բուհի 2021թ․գործունեության տարեկան հաշվետվությանը, 2021 թ․ բյուջեի կատարման արդյունքները գնահատեց բավարար և հաստատեց բուհի 2022 թ․ բյուջեն։
Օրակարգը սպառելուց հետո խորհուրդն անդրադարձավ ընթացիկ հարցերի։