ՀՊՏՀ-ն՝ եվրոպական հետազոտական ընտանիքի անդամ
2021թ. դեկտեմբերի 17-ին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» (HR Excellence in Research award)։
Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանի հետ։
-Պարո՛ն Մկրտչյան, նախ շնորհավորում ենք Ձեզ և բոլոր ՀՊՏՀ-ականներին՝ նշանակալից ձեռքբերման կապակցությամբ։ Կխնդրեմ ներկայացնել՝ ե՞րբ է մեկնարկել «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանին» դիմելու գործընթացը և ի՞նչ է այն ենթադրում։
- «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանի» շնորհումը նշանակալից ձեռքբերում է մեզ համար։ Գիտակցելով հետազոտության և գիտության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը և հրատապությունը՝ 2019 թվականին ՀՊՏՀ-ն նախաձեռնեց հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության մշակման, EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին անդամակցելուն և գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան ստանալուն ուղղված գործնական քայլեր։ 2019 թվականին մեկնարկած «Էրազմուս+»-ի «Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում» («ՄԻՆԵՐՎԱ») ծրագիրը հնարավորություն ընձեռեց այդ քայլերն իրականացնելու առավել համակարգված, հստակ ժամանակացույցով և հետևողականությամբ։ «ՄԻՆԵՐՎԱ» ծրագիրը միտված է Մոլդովայի և Հայաստանի բուհերում հետազոտությունների կառավարման արդյունավետության բարձրացմանը՝ հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծման ու հզորացման, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի կառուցակարգերի ներդրման, հետազոտական գործունեության արդյունքների պահոցի ստեղծման ու գործարկման միջոցով, որոնք պետք է նպաստեն բաց-հասանելի գիտության զարգացմանը:
«Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանը» կարևոր գործիք է հետազոտողների մասնագիտական աճին աջակցելու գործընթացում։ Այն հիմնված է «Հետազոտողների եվրոպական խարտիայի» (European Charter for Researchers) և «Հետազոտողների հավաքագրման բնագավառում էթիկայի կանոնակարգի» (The Code of Conduct for the Recruitment of Researchers) սկզբունքների վրա: Նշված երկու փաստաթղթերը Եվրոպական հանձնաժողովն ընդունել է դեռևս 2005 թվականին՝ նպատակ ունենալով հետազոտողների զարգացման և մասնագիտական առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով խթանել հետազոտությունները, ինչը պետք է նպաստի առավել մրցունակ և գիտելիքի վրա հիմնված տնտեսությունների ձևավորմանը։ Փաստաթղթերում ամփոփված սկզբունքները գերազանցապես ուղղված են գիտահետազոտական գործունեության գրավչության բարձրացմանը, բաց և կայուն եվրոպական աշխատաշուկա ստեղծելուն, շարժունության խթանմանը և այլն։
- Ի՞նչ գործողություններ են իրականացվել «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանին» դիմելու գործընթացի շրջանակում և ի՞նչ խոչընդոտներ են ծառացել այն իրականացնելիս։
– EURAXESS-ին անդամակցելու և «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանին» դիմելու գործընթացը բազմաքայլ է և ենթադրում է մի շարք գործողություններ, որոնցից առանցքայինը համալսարանում գիտահետազոտական աշխատանքների համապատասխանության վերլուծությունն է՝ ըստ «Հետազոտողների եվրոպական խարտիայի» և «Հետազոտողների հավաքագրման բնագավառում էթիկայի կանոնակարգի» սկզբունքների։ ՀՊՏՀ-ում համապատասխանության վերլուծություն (Gap analysis) իրականացնելու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են գիտահետազոտական գործունեության համար պատասխանատու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ ու ասպիրանտներ: Covid համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անցկացվել է առցանց քննարկումների շարք, ինչպես նաև իրականացվել են լայնածավալ հարցումներ՝ համալսարանում հետազոտությունների խրախուսման և աջակցության ընթացակարգերի թափանցիկության և արդյունավետության մակարդակը պարզելու համար:
«Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանին» դիմելու գործընթացի շրջանակում մշակվել է նաև hետազոտողների համար բաց, հրապարակային և մասնագիտական կարողությունների վրա հիմնված հայեցակարգ (Policy for Open, Transparent Merit-based Recruitment (OTM-R)։ Այն հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության (HRS4R) կարևոր բաղադրիչ է, որը խթանում է հետազոտական կառույցների և ֆինանսավորող կազմակերպությունների կողմից «Հետազոտողների եվրոպական խարտիայի» և «Հետազոտողների հավաքագրման բնագավառում էթիկայի կանոնակարգի» ռազմավարությունների և սկզբունքների գործնական կիրառումը։ Վերոնշյալ հայեցակարգը շատ կարևոր դեր ունի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներում օտարերկրյա մասնագետների ներգրավման գործում։
Գործընթացի շրջանակում մշակվել է նաև գործողությունների պլան, որի իրականացումը կապահովի դուրս բերված բացթողումների/կարիքների շտկումը և համապատասխանեցումը «Հետազոտողների եվրոպական խարտիայի» և «Հետազոտողների ներգրավման կանոնակարգի» սկզբունքներին և չափանիշներին։
Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա դրանք, իհարկե, եղել են։ Թերևս, հիմնական դժվարությունը Covid համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումներն էին, որոնք նոր մարտահրավերների առջև կանգնեցրին բոլորիս։ Չնայած Covid-ով պայմանավորված դժվարություններին՝ շնորհիվ ՀՊՏՀ աշխատանքային խմբի և, իհարկե, դրա պատասխանատու և փորձառու վարչական անձնակազմի՝ ի դեմս «ՄԻՆԵՐՎԱ» ծրագրի ՀՊՏՀ համակարգող Ներսես Գևորգյանի և ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանի, մենք կարողացանք «Գերազանցության աստիճանին» դիմելուն ուղղված բոլոր գործողությունների արդյունավետ կառավարմամբ, պատասխանատու մոտեցմամբ և պրոֆեսիոնալ աշխատանքով հասնել ցանկալի արդյունքի։
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՀՊՏՀ աշխատանքային խմբին՝ համալսարանում հետազոտական մշակույթի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» ստանալուն ուղղված համառ և քրտնաջան աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նույն ջանասիրությամբ շարունակելու ենք այս ուղղությամբ մեր քաղաքականության զարգացման քայլերը։
– Ի՞նչ կտա ՀՊՏՀ-ին միջազգային այս ճանաչումը և ի՞նչ հեռանկարներ է բացում այն համալսարանի առջև։
– «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանի» անհրաժեշտությունն ու ակնկալվող դրական ազդեցությունը համալսարանի համար պետք է դիտարկել երկու հարթության մեջ՝ ինստիտուցիոնալ և անհատ հետազոտողների մակարդակում։ Ինստիտուցիոնալ մակարդակում այն բարձրացնում է ՀՊՏՀ միջազգային ճանաչելիությունն ու գրավչությունը, եվրոպական ծրագրերի պահանջներին համապատասխանությունը, պարզեցնում է եվրոպական հաստատություններին անդամակցության գործընթացը, հաստատում է մարդկային ռեսուրսների ոլորտում հետևողական ներքին քաղաքականության առկայությունը։
Ինչ վերաբերում է անհատ հետազոտողների համար «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանի» ազդեցությանը, ապա այն ամրապնդում է հետազոտողների կողմից էթիկական սկզբունքների և մասնագիտական պարտականությունների հետևողական պահպանումն ու իրականացումը, ապահովում է աշխատանքի ընդունման, կարիերայի զարգացման և շարժունության առավել բարձր թափանցիկություն, նպաստում գիտահետազոտական ոլորտում նրանց մասնագիտական աճին և հետազոտական բարձր արդյունքների գրանցմանը։
– «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանը» ուղղված է նաև հետազոտության և գիտության ոլորտում մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Ի՞նչ մակարդակի վրա է իրականացվում այս քաղաքականությունը ՀՊՏՀ-ում։
– «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանի» շնորհմանը մեծապես նպաստել են «ՄԻՆԵՐՎԱ» ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք գործողություններ, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Մենք արդեն գործողություններ ենք իրականացնում համալսարանում հետազոտական և գիտության ոլորտում մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այս աստիճանի ստացումը ևս մեկ քայլ է դեպի բաց գիտություն, իսկ բաց գիտության սկզբունքների անհրաժեշտությունն ու առավելությունը ՀՊՏՀ ակադեմիական հանրույթն արդեն իսկ կարևորել է՝ մի շարք փաստաթղթերի և ռազմավարական ծրագրերի ընդունմամբ։ Մենք նշանակալի փոփոխությունների միջոցով ցանկանում ենք աջակցել գիտնականների և հետազոտողների կարողությունների զարգացմանը՝ խրախուսող և թափանցիկ միջավայր ստեղծելով նրանց մասնագիտական աճի համար: Ուրախ եմ, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ղեկավարության և վարչական անձնակազմի աջակցության շնորհիվ հաջողության ենք հասնում կրթության, գիտության և հետազոտական ոլորտում մեր ռազմավարական քայլերն իրականացնելիս։
«Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանի» շնորհումը, անխոս, կարևոր իրադարձություն է համալսարանի համար, և այն հավաստում է, որ հետազոտական և գիտության ոլորտում մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականությունը համալսարանում լավ հիմքերի վրա է։
Իհարկե, միջազգային այս աստիճանի շնորհումը չի ենթադրում, որ մենք ավարտել ենք այս ուղղությամբ մեր աշխատանքները։ Ընդհակառակը, այն ևս մեկ անգամ հաստատում է հետազոտության և նորարարության ոլորտում մոտիվացված, բարձր որակավորում ունեցող և որակյալ կադրերի առկայության ապահովման, հետազոտողների մասնագիտական աճին աջակցելու, հետազոտական բարձր արդյունքներ գրանցելու, այդ թվում՝ միջազգային մակարդակում, համալսարանի պատրաստակամությունն ու հանձնառությունը։ Բացի դրանից, «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանը» տրվում է երեք տարի ժամկետով և այն պահպանելու համար մենք պետք է շարունակենք անհրաժեշտ բոլոր գործողությունների արդյունավետ իրականացումը։