Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի հետ էրազմուսյան համագործակցությունը շարունակվում է ընդլայնվել

29.05.2023
Դիտումների քանակ՝ 1038

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում մայիսի 15-19 Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում էր ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Վլասյանը։

Գործընկեր համալսարանի «Ճարտարագիտության կառավարում» ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողների համար Վարդան Վլասյանը դասախոսել է «Տնտեսության զարգացման ժամանակակից մարտահրավերները․ տեղեկատվական հասարակություն՝ անցյա՞լ, ներկա՞, թե՞ ապագա» թեմայով։ ՀՊՏՀ դասախոսի փոխանցմամբ՝ արտերկրի ուսանողները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դասախոսությունները, ծանոթացել մեր համալսարանի ուսումնական, գիտակրթական ծրագրերին։

Վարդան Վլասյանը հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ է ունեցել «Էրազմուսի» շրջանակում Բիալիստոկի համալսարանում գտնվող Բելիզի համալսարանի ռեկտորի, Բիալիստոկի համալսարանի ռեկտոր Մարտա Կոսիոր-Կազբերուկի և պրոռեկտոր Դորոտա Աննա Կրավչուկի, ինչպես նաև «Ճարտարագիտության կառավարում» ֆակուլտետի դեկանի և փոխդեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, ներկայացրել մեր բուհը, կրթական ծրագրերի առանձնահատկությունները, դիտարկել հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ հետազոտությունների իրականացման, գիտակրթական և ուսումնական ծրագրերի շուրջ երկու բուհերի համատեղ գործունեության վերաբերյալ։