Այց՝ Վարշավայի տնտեսագիտության դպրոց
Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հունիսի 18-22-ը Վարշավայի տնտեսագիտության դպրոց է այցելել ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Անահիտ Մկրտչյանը:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Անահիտ Մկրտչյանը, ինքը մասնակցել է դասախոսական աշխատակիցների համար նախատեսված աշխատակազմի փոխանակման ծրագրին, որին մասնակցում էին շուրջ 12 երկրի 18 ներկայացուցիչներ: Այցի նպատակն էր խորացնել «Էրազմուս+» ծրագրի վերաբերյալ գիտելիքը, ձեռք բերել մասնագիտական զարգացմանը նպաստող պրակտիկ գիտելիքներ, ստեղծել և ընդլայնել նոր հարաբերություններ, ծանոթանալ կրթական համակարգին, դպրոցի կառուցվածքին, ուսանողական տարբեր միջազգային ծրագրերին, ինչպես նաև մշակութային արժեքներին: Այցի ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչը մասնակցել է վերապատրաստման շաբաթի դասախոսություններին, քննարկումներին և տարբեր հանդիպումներին:
«Հանդես եմ եկել դասախոսությամբ, որտեղ մանրամասն ներկայացրել եմ ՀՊՏՀ կառուցվածքը, ստորաբաժանումները, միջազգային ծրագրերը և օտարերկրյա դիմորդների համար նախատեսված ծրագրերը: Հնգօրյա գործուղման ընթացքում ունկնդրել եմ Վարշավայի տնտեսագիտության դպրոցի առաջատար հետազոտողների դասախոսությունները տնտեսության ժամանակակից քանակական մեթոդների վերաբերյալ և մասնակցել կլոր սեղան-քննարկումների: Այցը հագեցած է եղել նաև մշակութային միջոցառումներով, մասնավորապես՝ զբոսանք Վարշավայի հին կենտրոնում և այց դեպի պատմական քաղաք Կրակով»,- ասաց ՀՊՏՀ դասախոսը:
Անահիտ Մկրտչյանը ՀՊՏՀ է վերադարձել վառ տպավորություններով, միջազգային կոնֆերանսի մասնակցության հրավերով, համագործակցության առաջարկներով, ՀՊՏՀ-ի մասին բարձր գնահատականով և տարբեր միջազգային ծրագրերի մասին տեղեկատվությամբ:
Հիշեցնենք, որ «Էրազմուս+» ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին