Մասնակցություն HEIFYE ծրագրի հերթական աշխատաժողովին. նաև հրավեր՝ ուղղված երիտասարդներին

Դիտումների քանակ՝ 1227

ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնից տեղեկացնում են, որ հունիսի 20-25ը ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը և նույն ամբիոնի դոցենտ Վերգինե Կիրակոսյանը Ռիգայում (Լատվիա) մասնակցել են «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներցության համար» (HEIFYE) «Erasmus+» ծրագրի հերթական աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում Լատվիայի գործընկերները մասնակիցներին ներկայացրել են երիտասարդների ձեռներցության զարգացման փորձը, ծանոթացրել են RISEBA համալսարանի Բիզնես ինկուբատորի գործունեությունը, հաջողված բիզնես նախագծերի պատմությանը: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև HEIFYE ծրագրի 6 գործընկեր երկրներում երիտասարդների շրջանակներում՝ ձեռներցության զարգացման խոչընդոտների բացահայտման նպատակով անցկացված հարցման հիմնական արդյունքները, որոնց ամփոփումը, Հայաստանի մասով, կիրականացնեն ՄՏՀ ամբիոնի դասախոսները: HEIFYE ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ վրա դրված է «Եվրոպական ինտեգրման գործընկեր երկրներում բիզնեսի վարման առանձնահատկությունները» խորագրով ուսումնական ձեռնարկի մշակման պարտականությունը, որը սկսած 2019 թվականից պետք է ներդրվի ուսումնական գործընթացում:
Հիշեցնենք նաև, որ 2018 թ. սեպտեմբերի 13-14-ը Բաթումի քաղաքում (Վրաստան) տեղի կունենա «Երիտասարդների ձեռներցությունը Արևելյան գործընկերության երկրներում. ձևավորման փորձ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողովը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հավելենք նաև, որ Ռիգայի RISEBA համալսարանում ՄՏՀ ամբիոնի վարիչ Դիանա Գալոյանը և ամբիոնի դոցենտ Վերգինե Կիրակոսյանը մասնակցել են որակավորման բարձրացման դասընթացի՝ «Ստարտափ ձեռներցություն և համալսարանական բիզնես ինկուբատորներ» (StartUp entrepreneurship and Universities Business Incubators) խորագրով և ստացել վկայականներ:

Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Սույն հրապարակումը [հաղորդումը] արտահայտում է միայն հեղինակների տեսակետը, և Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում սույն տեղեկատվության կամ դրա օգտագործման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին