Մեզ հետաքրքրում են պրակտիկ գիտելիքի փոխանցման բոլոր հնարավորությունները․ ՀՊՏՀ ռեկտոր
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր հանդիպեց «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ընկերության (ՍՊԸ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Դանիելյանին, Revery group-ի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Գուրգեն Նարիմանյանին և ընկերության ՄՌԿ պատասխանատու Էլիսա Կատվալյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը։ Հյուրերը հպարտությամբ նշեցին, որ իրենք ՀՊՏՀ շրջանավարտներ են և ուրախ են կրկին հարազատ բուհում գտնվելու համար։
«Մենք շատ ենք կարևորում ուսանողների պրակտիկ գիտելիքների ապահովումը և, այս համատեքստում, կիրառում ենք տարբեր ձևաչափեր՝ փորձառության կազմակերպման վերանայում, կամավորության ծրագրերի, վարպետության և կարճաժամկետ տարատեսակ դասընթացների իրականացում։ Այսինքն՝ մեզ հետաքրքրում են պրակտիկ գիտելիքների փոխանցման բոլոր հնարավորությունները, և կարծում եմ՝ մեր համագործակցությունը կարող է արդյունավետ լինել»,- ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։
Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Դանիելյանն իր հերթին շեշտեց՝ պրակտիկ և ակադեմիական գիտելիքները փոխկապակցված են, և բիզնեսը պետք է աջակցի ակադեմիական հաստատություններին։ «Իմ ու մեր թիմի անունից հայտնում եմ, որ պատրաստ ենք այդ գործընթացին, քանի որ մեզ հետաքրքրում է, թե բիզնեսը ինչպես կարող է օժանդակել կրթությանը»,- ասաց Վլադիմիր Դանիելյանը։
Այնուհետև քննարկվեցին համագործակցությանը վերաբերող մի շարք ուղղություններ, իսկ ավարտին ստորագրվեց հուշագիր։