Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան. տեղի ունեցավ «Welcome party» երեկոն՝ առաջին կուրսեցիների համար

Դիտումների քանակ՝ 1562

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը (ՈւԽ), բուհի ղեկավարության աջակցությամբ, համալսարանի առաջին կուրսեցիներին այսօր մեկտեղել էր նրանց համար օրեցօր հարազատ դարձող համալսարանի պատերի ներքո. աշխատանքային օրվա ավարտին ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Welcome party» խորագրով երաժշտական միջոցառումը, և հատկանշական է՝ հատուկ հյուրերը օրեր առաջ ՀՊՏՀ-ականների շարքերը համալրած ուսանողներն էին: ՈւԽ հրավերով  տոնական տրամադրությունն ապահովելու էին եկել «Հաղթանակած» նախաձեռնության մասնակից բուհերի ուսանող-երգչուհիները, ամբողջ երեկոյի ընթացքում հնչում էր նաև ակումբային երաժշտություն:

Երեկոյի մասնակիցներին ողջունելու էին եկել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, պրոռեկտորներ Արմեն Գրիգորյանը, Թաթուլ Մկրտչյանը, դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Դիանա Գալոյանը բուհի ղեկավարության անունից շնորհավորեց առաջին կուրսեցիներին և նշեց, որ այս ջերմ միջոցառումը նպատակ ունի ոգևորելու նրանց:

Մենք զրուցեցինք նաև օրվա հերոսների հետ, արձանագրեցինք նրանց առաջին տպավորությունները համալսարանից:

Կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Մերի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաճախ  էր ուսանող բառի փոխարեն  օգտագործում «աշակերտ»-ը, այնուհետև ժպտում էր և ուղղում ինքն իրեն (ուսխորհրդին՝ աշխորհուրդ, ուսանողին՝ աշակերտ):

«Ճիշտ է, դեռ երկու շաբաթ է՝ ինչ պաշտոնապես ուսանող եմ, բայց ինձ լիարժեք ՀՊՏՀ-ական եմ զգում: Համոզվում եմ, որ բուհի ընտրության հարցում չեմ սխալվել, ամեն ինչում   մեզ աջակցում են  դասախոսներն ու ավագ կուրսերի ուսանողները: Շատ շնորհակալ եմ մեր դեկանին՝ Մանուկ Մովսիսյանին, ով միշտ ուսանողի կողքին է»,-ասաց Մերին:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի  ֆակուլտետից Քրիստինա Հակոբյանն էլ

ասաց, որ ջանում է հմտանալ մասնագիտության մեջ և համալրել իրենց ընտանիքի հաշվապահների շարքերը (մայրիկն ու քույրիկը հաշվապահ են) :

«Հենց առաջին օրվանից մեզ ջերմ են ընդունել ՀՊՏՀ-ում, իհարկե, մեր հիմնական առաքելությունը սովորելն է, սակայն հաճելի է, որ այստեղ առօրյան հագեցած է նաև ժամանցային միջոցառումներով, սկսել ենք վայելել ուսանողական կյանքը»,-Քրիստինան հասցրել է նկատել ՀՊՏՀ ուսանող լինելու առավելությունները:

Այսպիսով, առաջին կուրսեցիներն արդեն համալսարանի լիարժեք անդամ են, շատերը ծանոթացել են բարձր կուրսեցիների հետ, առնչվում են համալսարանի ստորաբաժանումների հետ, որոշակիորեն տիրապետում են ուսումնական գործընթացին, ակտիվորեն մասնակցում են ուսումնական, ժամանցային միջոցառումներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը խոսեց առաջին կուրսեցիներին նվիրված միջոցառումների  մասին՝ նշելով, որ նրանք միշտ են ուսանողական կառույցի ուշադրության կենտրոնում, և նոր ուսումնական տարվա մեկնարկից ի վեր՝ արդեն իսկ մի քանի հանդիպումներ են եղել:

«ՈւԽ ներկայացուցիչները այս օրերին շրջել են բոլոր ֆակուլտետներով, շնորհավորել առաջին կուրսեցիներին, նրանց ծանուցել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ներկայացրել ՈւԽ գործունեության նպատակը, սպասվելիք միջոցառումները և այլն: Առաջիկայում նաև ինքս եմ նրանց հրավիրելու հանդիպման, որպեսզի տեղեկանամ, թե այս ընթացքում ինչ խնդիրների են առնչվել ուսանողները և ինչով կարող ենք աջակցել նրանց: Իսկ կոնկրետ այս միջոցառումը մեկ քայլ է՝ նրանց մուտքը ՀՊՏՀ շնորհավորելու համար: Ի դեպ, վաղը արշավ ունենք դեպի ՀՀ տեսարժան վայրեր, մասնակիցների շարքում կրկին մի խումբ առաջինցիներ են»,-պարզաբանեց ՈւԽ նախագահը:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն, որի հաղթողներին տրվեցին մրցանակներ:

Ի դեպ, ՀՊՏՀ-ում «Welcome party»-ին դեռ շարունակվում է:

ՀՊՏՀ Լրատության և հասարակայանության հետ կապերի բաժին