Աշխատանքային այց Մինսկ՝ eDrone նախագծի շրջանակներում
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրազմուս+» ծրագրի «Educational for Drone (eDrone)» նախագծի շրջանակում նոյեմբերի 4-7-ը Բելառուսի պետական համալսարանում տեղի է ունեցել կոորդինացիոն հանդիպում, որին ՀՊՏՀ-ից մասնակցել են մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը:
Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային փաթեթների շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքները, առաջիկայում գործընկեր համալսարանների կողմից լաբորատորիաների ստեղծման խնդիրները, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են նաև դրոնների՝ տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործման հնարավորությունները, դրանց կառավարման մեխանիզմները, տեխնիկական հնարավորությունները և այլն:
Մոլդովայի պատվիրակության կողմից եվրոպական մի շարք համալսարանների, այդ թվում՝ ՀՊՏՀ երեք դասախոսներին տրվել են CTT (Course for Training the Teachers) դիպլոմներ՝ հաստատված Մոլդովայի Կրթության նախարարության կողմից, ինչը հետագայում կնպաստի ՀՊՏՀ-ի և արտասահմանյան համալսարանների հետ սերտ կապի ամրապնդմանն ու միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:
Հիշեցնենք՝ eDrone-ը եռամյա նախագիծ է, որը մեկնարկել է 2016 թ. հոկտեմբերի 15-ին: Նախագծի նպատակը նոր ուսումնական միջավայրի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը:
Նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունն առկա է նախագծի պաշտոնական կայքում և ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին