Տնտեսագիտական համալսարանում կայացավ բուհ-գործատու երկխոսությանը միտված աշխատաժողով
ՀՊՏՀ-ում այսօր տեղի ունեցավ բուհ-աշխատաշուկա համագործակցությանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցում էին մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ղեկավարներ:
Ողջունելով հյուրերին՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշեց, որ միջոցառման նպատակը բուհ-գործատու կապերի կայացումն ու խորացումն է: Բուհի ղեկավարի խոսքով՝ այս աշխատաժողովը գործատուների պահանջներին ծանոթանալու և բուհ-աշխատաշուկա խզումը վերացնելուն ուղղված երկխոսության փորձ է: «Մենք ակնկալում ենք, որ մեր գործատուները պետք է ներգրավվեն ուսումնական գործընթացում ՝ սկսած կրթական ծրագրեր կազմելուց մինչև փորձառությունների կազմակերպում»,- հայտարարեց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ Տնտեսագիտական համալսարանը պատրաստ է բաց քննարկման:
ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը հանդես եկավ «ՀՊՏՀ կրթական ծրագրերի բարեփոխում» թեմայով զեկուցմամբ՝ գործընկերներին ներկայացնելով ՀՊՏՀ-ում կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացը, որտեղ էական է բենչմարքինգի իրականացումը, աշխատաշուկայի կայացած մասնագետների ներգրավումը, ապա և հարցումները՝ ուղղված արդյունքների գնահատմանը: «ՀՊՏՀ-ն փոխում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործող մոդելը՝ սկսելով մագիստրոսական կրթական ծրագրերից»,- հայտարարեց պրոռեկտորը՝ ավելացնելով, որ այս տարվա սեպտեմբերից ՀՊՏՀ-ն ձեռնամուխ է եղել գործատուների հետ փոխհարաբերությունների կարգավորմանը և արդեն իսկ սկսել է 3 համատեղ կրթական ծրագիր:
ՀՊՏՀ «Փոփոխությունների կառավարում» (Change Lab) լաբորատորիայի ղեկավար Կարեն Սարգսյանն անդրադարձավ ՀՊՏՀ Change Lab-ի և գործատուների փոխգործակցության, գործատուների խնդիրների վերհանման և լուծման հեռանկարներին՝ ընդգծելով, որ լաբորատորիայի ստեղծումը բխել է հենց գործատուների պահանջներից: Նա շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ղեկավարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու և «իր տանիքի տակ» վերցնելու համար: «Մենք ստեղծում ենք մի հարթակ, որտեղ ուսանողներին փոխանցում ենք գործատուների պահանջները, անհրաժեշտ հմտություններ և մեր ուսանողին պատրաստում կոնկրետ կազմակերպությունում կոնկրետ աշխատանքի»,- ասաց Կարեն Սարգսյանը՝ մանրամասնելով, որ Change Lab-ի գործունեությունը բաժանվելու է 2 հիմնական ուղղությունների՝ աշխատանքային կարիերա (փոփոխությունների գործակալ կամ խնդիր լուծող) և ինքնազբաղվածություն ( ստարտափ կամ սոցիալական ձեռնարկատիրություն):
ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը հանդես եկավ «Համատեղ կարճաժամկետ դասընթացների կազմակերպման, ուսանողների փորձառության արդյունավետ կազմակերպման հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց ՀՊՏՀ-ում իրականացվող կարճաժամկետ դասընթացների կազմակերպմանը, գործընկեր կազմակերպությունների մասնագետներին ՀՊՏՀ-ում բաց դասեր անցկացնելու հնարավորության ընձեռմանը, ՀՊՏՀ շրջանավարտների ցանցի էլ.հասցեների բազայի ստեղծմանը, որով կարող են գործընկերներին տեղեկացնել ՀՊՏՀ-ում իրականացվող տարատեսակ նախագծերի մասին, փորձառությունների կազմակերպմանը և կրթաթոշակների տրամադրման հնարավորությանը:
Զեկուցումներից հետո սկսվեց քննարկում, կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան իրենց մտահոգող խնդիրներով, ներկայացրեցին, թե ինչպիսի մասնագետների կարիք ունեն և մտքեր փոխանակեցին առկա խնդիրների լուծման տարբերակների վերաբերյալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին