«Դուք աշխատում եք Հայաստանի ապագայի համար». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ՀՊՏՀ-ում էր

16.05.2022
Դիտումների քանակ՝ 1566

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն մայիսի 13-ին հյուրընկալվել էր ՀՊՏՀ-ում։ Այցի նպատակը երկկողմ հարաբերությունների խորացումն ու կրթական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումն էր։

Նորին գերազանցություն դեսպանին ՀՊՏՀ-ում ընդունեցին ներկայացուցչական կազմով՝ ռեկտոր Դիանա Գալոյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, ստորաբաժանումների ղեկավարներ։

Շնորհակալություն հայտնելով դեսպանին ցուցաբերած բարի կամքի համար՝ ռեկտորը մեծ պատիվ համարեց բարձրաստիճան հյուրի այցը: «Տնտեսագիտական համալսարանը մեծապես կարևորում է միջազգայնացման գործընթացները և հետևողականորեն ընդլայնում միջազգային ծրագրերին բուհի մասնակցությունը՝ լինեն դրանք փոխանակման, թե հետազոտական ծրագրեր։ Այս առումով Ֆրանսիայի հետ համագործակցության տեսանկյունից ուրախալի է Բրեստի բիզնես դպրոցի (Ֆրանսիա) հետ ՀՊՏՀ-ի համագործակցությունը, որը կնշանավորվի առաջիկա ուսումնական տարում «Բիզնես վարչարարություն» մասնագիտությամբ համատեղ մագիստրոսական ծրագրի մեկնարկով»,- տեղեկացրեց Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ Տնտեսագիտական համալսարանում օտար լեզուների դասավանդումը ևս մշտապես կարևորվել է։

Ապա ռեկտորը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ քննարկելու համատեղ նախագծերին առնչվող հարցեր, ինչին ի պատասխան՝ դեսպանը վստահեցրեց, որ վճռական է շարունակելու Տնտեսագիտականի հետ սկսված աշխատանքը, զարկ տալու նոր համատեղ նախագծերի ստեղծմանը։

«Ինձ համար շատ կարևոր է ֆրանսերենի ներկայությունը այս համալսարանում, և երջանիկ եմ՝ լսել, որ դուք արդեն համագործակցում եք Բրեստի բիզնես դպրոցի հետ։ Մեր հարաբերությունների խորացման համար պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզնից. աջակցել՝ խորացնելու համագործակցությունը ֆրանսիական բուհերի հետ, հատկապես՝ գիտական ոլորտում ժամանակակից տնտեսագիտական մոտեցումների շուրջ։ Ձեր համալսարանը մեծ դեր է կատարում Հայաստանում. հենց այստեղ են պատրաստվում ինչպես կառավարման, այնպես էլ ձեռնարկությունների ղեկավարման ոլորտի բարձրակարգ կադրեր։ Կարելի է ասել՝ դուք աշխատում եք Հայաստանի ապագայի համար»,- ասաց դեսպանը։

Այնուհետև ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակից Անուշ Իսոյանը ներկայացրեց բուհի միջազգային ծրագրերը, մասնավորապես՝ ֆրանսիական համալսարանների հետ համագործակցության հեռանկարները։

Նորին գերազանցություն դեսպանը սիրով պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին և հրաժեշտից առաջ ռեկտորի և ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ շրջեց համալսարանի բակում և, իհարկե, լուսանկարվեց՝ ի նշան բարեկամության։

Հավելենք, որ Անն Լույոն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է 2021 թ. սեպտեմբերից։ Ի թիվս դիվանագիտական մի շարք ներկայանալի պաշտոնների՝ Արժանիքի ազգային շքանշանի ասպետ է։