Որքանո՞վ են փոխկապված ինովացիան և մրցունակությունը

Ռուզան Թադևոսյան
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի
կրտսեր հետազոտող

Գլոբալացման պայմաններում արդյո՞ք հնարավոր է մրցունակ լինել և պահպանել այդ մրցունակությունն առանց ինովացիաների շարունակաբար կիրառելության: Եթե պարզապես համեմատելու լինենք երկրներն ըստ մրցունակության և ինովացիոն կատարողականի, առանց նույնիսկ որևէ կապ ցույց տվող վիճակագրական մեթոդի կիրառման էլ կտեսնեք, որ առկա է տեսանելի կապ՝ երկրների մրցունակության և ինովացիոն կատարողականի միջև:

Մրցունակությունն արտադրողականության ավելի արագ աճն է մրցակիցների նկատմամբ, իսկ ինովացիան նպաստում է արտադրողականության աճին, հետևաբար նաև՝ մրցունակությանը, միայն այն դեպքում, երբ հասնում է ցանկալի շուկա և ապահովում առևտրային հաջողություն: Այն բարդ գործընթաց է, որը սկսելով գաղափարի գեներացումից, այնուհետև վերածվում է գյուտի և հաջողության դեպքում առևտրայնացվում է, որը սակայն հազվադեպ է պատահում: Որպեսզի ինովացիան գաղափարից հասնի առևտրայնացման անհրաժեշտ է այնպիսի միջավայրի ապահովում, որը կունենա այդ «ուղին» հարթելու բոլոր անհրաժեշտ գործոնները: Այդ իսկ պատճառով ինովացիոն կատարողությունների գնահատման համար օգտագործվող ինդեքսները պարունակում են բոլոր այդ գործոնները, որոնք, օրինակ, ըստ Գլոբալ ինովացիոն ինդեքսը (ԳԻԻ) հետևյալն են.

· Ինստիտուտներ

· Մարդկային կապիտալ և հետազոտություններ

· Ենթակառուցվածքներ

· Շուկայի զարգացվածություն:

Այնուհետև ստեղծված ինովացիոն արդյունքը գնահատվում է բիզնեսի զարգացվածության, գիտելիքների ու տեխնոլոգիաների ստեղծման և ստեղծագործ արդյունքի հիման վրա:

Ըստ Գլոբալ մրցունակության ինդեքսի (ԳՄԻ) ինովացիոն կարողություններին վերաբերող 12-րդ հիմնասյունը ներառում է 10-ը ենթաինդեքս, որոնք են

1. Աշխատուժի տարբերակվածությունը (ըստ սեռի, ազգության և կրոնի)

2. Կլաստերների զարգացման աստիճանը

3. 1 մլն բնակչի հաշվով համահեղինակությամբ ստեղծված պատենտների թիվը (հեղինակներից գոնե մեկը գտնվում է արտասահմանում)

4. Գաղափարների շուրջ համագործակցության աստիճանը ինչպես ընկերության ներսում՝ մարդկանց միջև, այնպես էլ՝ տարբեր ընկերությունների, բիզնեսի և համալսարանների միջև:

Ընդհանուր առմամբ ԳՄԻ-ն կազմված է 12 հիմնասյուներից, որոնք իրենց հերթին ներառում են 98 ցուցանիշ: ԳԻԻ-ն կազմված է 2 ենթաինդեքսներից, որոնք ընդհանուր առմամբ 80 ցուցանիշ են ներառում: Բացի այն, որ ԳՄԻ-ի 12 հիմնասյուներից մեկը վերաբերում է ինովացիոն կատարողականին, այդ 98 ցուցանիշից 17-ը կատարյալ համընկնում են ԳԻԻ ցուցանիշների հետ, իսկ մոտ 15-ը գրեթե նույն ցուցանիշներն են՝ պարզապես կամ հաշվարկման մեթոդաբանություն է տարբեր, կամ ցուցանիշի աղբյուրը: Ստացվում է, որ մոտ 33%-ով մրցունակությունը պայմանավորված է հենց ինովացիայով:

Եթե ԳԻԻ-ի և ԳՄԻ-ի հիման վրա դիտարկենք 10-ը առաջատար երկրներն ըստ մրցունակության և ինովացիոն կատարողականի, ապա կտեսնենք, որ 10-ից 8-ը համընկնում են:

10-ն ամենամրցունակ երկրները և նրանց դիրքերն ըստ Գլոբալ մրցուանկության և Գլոբալ ինովացիոն ինդեքսների

Ինչպես երևում է աղյուսակից առաջատար տասնյակի գրեթե բոլոր երկրները համընկնում են, երբ դիտարկում ենք առաջին 20-ը՝ ամբողջովին են համընկնում: Այսինքն ամենամրցունակ երկրները հենց ամենանորարար երկրներն են:

ՀՀ բարձր տեխնոլոգիատար արտահանումը, դիրքը Գլոբալ ինովացիոն և մրցունակության ինդեքսներում 2010-2018թթ.

Եթե դիտարկենք Հայաստանի դիրքին 2010-2018 թթ. ընթացքում, կտեսնենք, որ ԳՄԻ-ի և ԳԻԻ-ի դիրքերի բարելավումներն ու անկումները գրեթե համընկնում են, ինչը ևս փաստում է, որ եթե երկրի ինովացիոն կատարողականը բարելավում է, այն համարժեք դրական ազդեցություն է ունենում ընդհանուր մրցունակության վրա:

Կարծում ենք՝ որպես մրցունակության և ինովացիոն կատարողականի մեկ այլ ցուցիչ կարելի է օգտագործել նաև բարձր տեխնոլոգիատար արտահանման տեսակարար կշիռն ընդհանուր արտահանման մեջ։ Մեր վերլուծականներից մեկում արդեն արնդրադարձել ենք ՀՀ արտահանման տեխնոլոգիատարությանը։

Ընդհանուր առմամբ, երբ արտահանման մեջ աճել է բարձր տեխնոլոգիատար արտահանման տեսակարար կշիռը, բարելավվել է նաև ՀՀ դիրքը և՛ ԳՄԻ-ում, և՛ ԳԻԻ-ում։

Այսպիսով, եթե պարզապես համեմատենք ԳՄԻ-ը և ԳԻԻ-ը, կտեսնենք, որ դրանք մոտ 33%-ով համընկնում են, մյուս կողմից համընկնում են նաև լավագույն տասնյակի և քսանյակի բոլոր երկրները։ Բացի այդ, եթե բաձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը օգտագործենք որպես ինովացիոն կատարողականի գնահատման ևս մեկ ցուցիչ, կտեսնենք, որ այս դեպքում ևս դրա տեսակարար կշռի ավելացումն ու ՀՀ մրցունակության դիրքի բարելավումը համընկնում են: Հետևապես մրցունակ տնտեսությունն առավելապես պայմանավորված է տվյալ տնտեսության մեջ կատարվող ինովացիաներով։

Հունիս, 2019

Հեղինակի այլ նյութեր

Վերլուծականներ

Հետազոտություններ

Զեկույցներ

Ինչպե՞ս բարելավել ՀՀ համալսարանների դիրքը վարկանշավորման զեկույցներում

Ոլորտային ամփոփագրեր

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումները/Ամփոփագիր, մայիս-հոկտեմբեր, 2018/