Համավարա՞կ, թե՞ Բեռլինյան պատի փլուզում 2.0

Վարդան Աթոյան
քաղաքական գիտությունների դոկտոր
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
փոխտնօրեն-ավագ փորձագետ

1989 թվականի նոյեմբերի 9-ին փլուզվեց Բեռլինի արևելյան և արևմտյան հատվածների բաժանարար պատը, որը խորհրդանշեց Սառը պատերազմի ավարտը և աշխարհաքաղաքական նոր դարաշրջանի մեկնարկը: Թեև դրանից առաջ արդեն ակնհայտ էր մոտալուտ գլոբալ փոփոխությունների անխուսափելիությունը, սակայն դրանց հետևանքների ամբողջ ծավալն ու խորությունը դեռևս դժվար էր պատկերացնել: Բեռլինյան պատի փլուզմանը հաջորդեցին Վարշավյան պայմանագրի կազմակերպության, սոցիալիստական ճամբարի և վերջապես ԽՍՀՄ շղթայական փլուզումները: Երկբևեռ աշխարհակարգի «ապամոնտաժմամբ» ձևավորվեց միաբևեռ աշխարհակարգ՝ ԱՄՆ միանձնյա գերիշխանությամբ: Արդեն տարիներ անց ՌԴ նախագահ Վ. Պուտինը ԽՍՀՄ փլուզումը կբնորոշի որպես դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ:

Ռազմավարական հակառակորդի նկատմամբ տարած հաղթանակի ցնծությունն ու ոգևորությունը փոխանցվել էր նաև արևմտյան որոշ ակադեմիական շրջանակներին: 1992 թ. ամերիկյան ճանաչված քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման (Francis Fukuyama) շտապեց հրապարակել իր՝ «Պատմության ավարտը և վերջին մարդը»  (The End of History and The Last Man) հայտնի աշխատությունը: Գրքում Ֆուկույաման պնդում էր, որ արևմտյան ձևաչափի ազատական ժողովրդավարության համաշխարհային տարածումը վկայում է մարդկության էվոլյուցիայի սոցիոմշակութային վերջին կետի և իշխանության վերջնական ձևի ձևավորման մասին: «Պատմության ավարտ» ասելով՝ Ֆուկույաման նկատի ուներ ոչ թե իրադարձային պատմության ավարտը, այլ՝ գաղափարախոսական դիմակայության, գլոբալ պատերազմների և պատկերավոր ձևակերպմամբ՝ մշակույթի և փիլիսոփայության ավարտը: Արդեն մի քանի տարի անց՝ 1996 թվականին լույս տեսավ ամերիկացի մեկ այլ ճանաչված քաղաքագետ՝ Սամուել Հանթինգթոնի (Samuel P. Huntington) «Քաղաքակրթությունների բախում և աշխարհակարգի վերաձևում» (The Clash of Civilizations and the Remaking of World Order) հայտնի աշխատությունը, որում հեղինակն ամբողջացրեց այս խնդրի շուրջ ավելի վաղ իր արտահայտած գաղափարներն ու հրապարակումները: Գրքում Հանթինգթոնը առանձնացնում է մի շարք քաղաքակրթություններ՝ նշելով, որ փաստացիորեն Սառը պատերազմի ավարտից հետո ժողովուրդների միջև միակ տարբերությունը մշակութային է: Հանթինգթոնը ոչ հեռավոր ապագայում կանխատեսում էր քաղաքակրթական հենքով բախումներ, մասնավորապես մահմեդական և արևմտյան աշխարհների միջև: Նրա կարծիքով, Արևմուտքի տնտեսական, քաղաքական և ռազմական իշխանությունն ու ազդեցությունը կվերաբաշխվի այլ քաղաքակրթություններին: Մասնավորապես, Հանթինգթոնը պնդում էր, որ տնտեսական արագ աճի շնորհիվ սինական (չինական) քաղաքակրթությունն իր արժեհամակարգով Արևմուտքի նկատմամբ կամրապնդի սեփական դիրքերը:

Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները՝ Ֆուկույաման սխալվեց, Հանթինգթոնն իրավացի էր:

Ինչպես ցանկացած գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություն, այնպես էլ՝ Սառը պատերազմի ավարտը և նոր` միաբևեռ աշխարհակարգի կայացումն ուղեկցվում էր մի շարք ցավագին գործընթացներով, այդ թվում՝ բազմաթիվ ճգնաժամերով, զինված հակամարտություններով և մարդկային ողբերգություններով, ընդ որում՝ ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում: Բավարար է հիշատակել Հարավսլավիայի փլուզմամբ բռնկված միջէթնիկական արյունալի պատերազմը, այդ թվում՝ Սրեբրինիցայի ողբերգությունը: Նախկին Հարավսլավիայի տարածքում միջէթնիկական զինված հակամարտությունը և դրանում ներգրավված կողմերին տարբեր ուժային կենտրոնների կողմից ցուցաբերվող աջակցությունը կարող են վկայել, որ այս հակամարտությունը նույնպես զերծ չէր քաղաքակրթական դիմակայության բաղադրիչից:

Ինչպես և զգուշացնում էր Հանթինգթոնը՝ արդեն 21-րդ դարասկզբից ի հայտ եկան նոր աշխարհաքաղաքական իրողություններ՝ ահաբեկչության, արմատականության և ծայրահեղականության աճ (2001 սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից սկսած, մինչև՝ «Իսլամական պետության» ստեղծում), Չինաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական տպավորիչ վերելք, Ռուսաստանի ռազմավարական դիրքերի ամրապնդում, Եվրամիության՝ որպես միասնական ուժային կենտրոն կայանալու փորձեր, մի շարք տարածաշրջանային տերությունների մեծացող հավակնություններ և այլն: Նման երևույթները սասանում էին միաբևեռ աշխարհակարգի հիմքերը, ինչն, իր հերթին, հավաստում էր նեոռեալիզմի տեսության կողմնակիցների՝ միաբևեռ աշխարհակարգի պակաս կայուն լինելու վերաբերյալ պնդումները:

ԱՄՆ-ը թեև շարունակում էր լինել և դեռ համարվում է աշխարհի հզորագույն երկիր, սակայն, ակնհայտ է, որ այլևս ի զորու չէ շարունակել 20-րդ դարի վերջում ստանձնած՝ «հսկիչ փաթեթով N1 գլոբալ համակարգողի» դերակատարությունը և կարող է դիտարկվել որպես հավասարների մեջ առաջինը: Վերջին երկու տասնամյակների համաշխարհային գործընթացները պարզորոշ նշմարում էին բազմաբևեռ աշխարհարհակարգի աստիճանական ձևավորումը՝ իրեն բնորոշ բարդությամբ, բազմաշերտությամբ, խաղի կանոնների անհստակությամբ և անկանխատեսելիությամբ: Աշխարհը մտնում էր աշխարհաքաղաքական հսկաների դիմակայություններով և proxy հակամարտություններով ուղեկցվող վտանգավոր շրջափուլ, որը հղի էր վերածվել Մեծ պատերազմի: Այս առումով, կարելի է նույնիսկ ենթադրել, որ ներկայումս Երկիր մոլորակում մոլեգնող համավարակը մարդկությանը ժամանակ տվեց՝ վերաիմաստավորելու սեփական գործելակերպը և խուսափելու առավել մեծ աղետներից:

Վերոնշյալի համատեքստում, բավականին խոսուն է ամերիկացի ճանաչված քաղաքագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, «փափուկ ուժ» եզրույթի հեղինակ և դրա տեսության մշակներից՝ Ջոզեֆ Նայի (Joseph S. Nye, Jr.) դիտարկումը, ըստ որի՝ անդրազգային սպառնալիքների վերաբերյալ, ինչպիսիք են COVID-19 ու կլիմայի փոփոխությունները, բավարար չէ մտածել այլ երկրների նկատմամբ ամերիկյան իշխանության մասին: Հաջողության բանալին նաև այլոց հետ իշխանության կարևորության գիտակցումն է: Ամեն երկիր առաջնահերթ է համարում սեփական ազգային շահերը. կարևոր հարց է, թե որքան լայն կամ նեղ են սահմանվում այդ շահերը: COVID-19-ը ցույց է տալիս, որ մենք չենք կարողանում մեր ռազմավարությունը հարմարեցնել այս նոր աշխարհին:

Շվեդական Aftonbladet հանդեսի լրագրող Վոլֆգանգ Հանսոնի (Wolfgang Hansson) պատկերավոր ձևակերպմամբ՝ համավարակը Երրորդ համաշխարհային պատերազմն է ընդդեմ անտեսանելի թշնամու: Թեև շվեդ լրագրողի կարծիքը կարող է որոշակիորեն չափազանցված թվալ, սակայն COVID-19-ի քաղաքական ու սոցիալ-տնտեսական հետևանքները կարող են մոտ լինել նման սցենարին: Համավարակն արդեն իսկ խառնել է միջազգային հարաբերությունների սուբյեկտների խաղաքարտերը և զրոյացրել նախկինում արված բազմաթիվ կանխատեսումներ ու պլանավորումներ: Ակնհայտ է, որ COVID-19-ը կարող է աշխարհաքաղաքական տեկտոնական շարժերի կատալիզատորի դեր կատարել՝ մեծապես արագացնելով բազմաբևեռ աշխարհակարգին անցումը կամ ի հայտ բերել բոլորովին նոր և դեռևս չերևացող գործընթացներ: Այս «ստուգատեսը» կարող են չանցնել բազմաթիվ կառավարություններ, երկրներ, դաշինքներ, միջազգային և վերազգային կառույցներ: Նույն Եվրամիության դեպքում՝ համավարակն ամբողջ խորությամբ ի ցույց դրեց բնականոն պայմաններում եվրոպական համերաշխության, դաշնակցային հարաբերությունների, ընդհանուր արժեքների և փոխօգնության վերաբերյալ հավաստիացումների իրական գինը: Վաղեմի դաշնակիցները մեկուսանում կամ հեռանում են՝ «յուրաքանչյուրն՝ իր համար» սկզբունքով, իսկ դրանց փոխարեն անակնկալ կերպով ձեռք են մեկնում այլ տերություններ:

Թեև այս պահին դեռ վաղ է հեռուն գնացող հետևություններ անել և փորձել կանխատեսել ԵՄ-ի հետագա ճակատագիրը, սակայն, ակնհայտ է, որ Բրյուսելը չկարողացավ հանձնել «համերաշխության սթրես-թեստը» և առնվազն տեսանելի ապագայի համար տապալեց՝ ինքնուրույն ուժային կենտրոն դառնալու հնարավորությունը: Ինչպես իրավացիորեն նշում է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը՝ տարասփռման ալիքի վրա ծաղկած համերաշխության և ընդհանուր արժեքների վերաբերյալ հռետորաբանության վերջին քառորդ դարի կեղծափայլը թափվեց, երբ նժարին դրվեցին երկրների և դրանց բնակիչների կենսական շահերը:

Ամփոփելով, նշենք, որ նման խորության ճգնաժամերը անխուսափելիորեն առաջ են բերում աշխարհաքաղաքական ցնցումներ և կարող են էապես վերափոխել միջազգային հարաբերությունների համակարգը, դրա խաղի կանոններն ու գլոբալ դերակատարների միջև ուժերի հավասարակշռությունը: Արդյո՞ք համավարակը կստեղծի Բեռլինյան պատի փլուզմանը հետևած գլոբալ փոփոխություններին համադրելի էֆեկտ, թե՞ վերջինիս հետևանքները առավել խորը կամ միգուցե մեղմ կլինեն՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարներին: Այս պահին կարող ենք արձանագրել, որ COVID-19-ը հուժկու լիցքեր փոխանցեց ազգայնական տրամադրություններին և պետությունների եսակենտրոնության աճին, նպաստեց ինքնիշխանության որոշակի բարձրացմանն ու էապես նվազեցրեց միջազգային փոխգործակցության մակարդակը: Միաժամանակ, համավարակի հետևանքները կարող են նշանակալիորեն արագացնել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ծանրության կենտրոնի տեղաշարժը Արևելյան Ասիայի տարածաշրջան: Աշխարհը դառնում է առավել փակ, նվազ ազատ և պակաս բարեկեցիկ: Ազգային անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ բազմաթիվ երկրներ վերադարձնում են ժամանակին վերազգային կառույցներին փոխանցված գործառույթները և դեռ հարց է, թե հետագայում որքան ցանկություն կունենան կրկին հրաժարվել դրանցից: Թեև արդեն իսկ ակնհայտ է, որ հետհամավարակյան աշխարհն այլևս նույնը չի կարող լինել, սակայն համաշխարհային քաղաքականության հակամարտող բնույթը, ըստ ամենայնի, չի փոփոխվի:

Ապրիլ, 2020

Հեղինակի այլ նյութերը
  Վերլուծականներ՝

Հետազոտություններ՝

Զեկույցներ՝

Հարցազրույցներ՝