Ապահովագրական ոլորտով հետաքրքրվածների համար ՀՊՏՀ-ում կներդրվի նոր մագիստրոսական ծրագիր

Դիտումների քանակ՝ 2684

Բուհ-աշխատաշուկա համագործակցության համատեքստում Տնտեսագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից կներդրվի ևս մեկ նոր մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Ապահովագրական գործ» մասնագիտությամբ հետաքրքրվածների համար:

Դեկտեմբերի 3-ին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արևշատ Մելիքսեթյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որի գլխավոր նպատակը նոր մագիստրոսական կրթական ծրագրի ներդրմամբ մրցունակ ապահովագրության մասնագետների պատրաստումն է:

ՀՊՏՀ-ում կրթական ծրագիրն իրականացնելու է բանկային գործի և ապահովագրության ամբիոնը: Ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանը asue.am-ին հայտնեց, որ համագործակցությունն ուղղված է կրթության որակի բարելավմանը, մասնավորապես նոր կրթական ծրագրի իրականացմանը, որում կներգրավվեն ապահովագրական ընկերության փորձառու մասնագետները, մեր ուսանողները հնարավորություն կստանան փորձառություն անցնել գործընկեր կազմակերպությունում, բացի այդ՝ կկազմակերպվեն համատեղ գիտական հետազոտություններ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Ամբիոնի վարիչի խոսքով, կարևոր է նաև այն, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի լավագույն ուսանողների ուսման վարձը:

Ընկերությունը հնարավորությունների առավելագույն չափով կմասնակցի համալսարանի լսարանների տեխնիկական վերազինման և արդիականացման գործընթացին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին