Գործատու-ուսանող հանդիպում. ՀՊՏՀ-ում էր աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը

Դիտումների քանակ՝ 1661

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի ջանքերով միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները որպես գործատու պարբերաբար հյուրընկալվում են մեր բուհում, ներկայացնում փորձառության ծրագրեր և աշխատանքային հնարավորություններ: Այսօր գրավիչ առաջարկներով տասնյակ ուսանողների ուշադրությանն արժանացան աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկի՝ InterContinental Hotels Group-ի (IHG) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Զլատա Նիկոլայեվան «Հոլինդեյ Ինն Երևան» հյուրանոցի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Մանե Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, աշխատակիցները, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը:

Մեր հյուրերը ներկայացրին Ինտերկոնտինենտալ Հոթելս Գրուպը (IHG), Հոլիդեյ Ինն բրենդը, «IHG Academy» ծրագիրը և Հոլիդեյ Ինն Երևան Հանրապետության Հրապարակ հյուրանոցում աշխատելու և փորձառելու հնարավորությունները: Մասնավորապես, «IHG Academy»-ն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել հմտություններ ու աշխատանքային փորձ IHG հյուրանոցներում։

Հանդիպման ավարտին գործատուն պատասխանեց ուսանողների հարցերին:

Հավելենք, որ ընկերության կողմից ՀՊՏՀ-ն ստացավ գործընկերության հավաստագիր. համագործակցության շրջանակում նախատեսվում է զարգացնել ուսանողների՝ հյուրանոցային բիզնեսին առնչվող հմտություններն ու կարողությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին