Պետության և իրավունքի տեսության նոր ուսումնական ձեռնարկը՝ ուսանողի սեղանին

Դիտումների քանակ՝ 3131

Լույս է տեսել իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, իրավագիտության թեկնածու Գեղեցիկ Գրիգորյանի և նույն ամբիոնի ասիստենտ, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Սասուն Գրիգորյանի «Պետության և իրավունքի տեսություն» ուսումնական ձեռնարկը, որը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի գիտական խորհուրդը:
Ինչպես նշված է առաջաբանում, ձեռնարկում համակարգված ձևով շարադրված են պետության և իրավունքի տեսության հիմնական թեմաները, այն ունի հստակ կառուցվածք, շարադրված է մատչելի և նպատակ է հետապնդում օգնել ուսանողին յուրացնելու տեսական նյութը: Աշխատությունը նախապատրաստված է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
Մեզ հետ զրույցում Գեղեցիկ Գրիգորյանը նշեց, որ նպատակադրումը 3 հիմնական չափարոշիչներն են՝ գիտելիք, կարողություն և հմտություն, որոնք ուսանողը ձեռք կբերի, և որոնք կօժանդակեն ոչ միայն բազային նյութը յուրացնել, այլև կատարել անհատական գիտահետազոտական աշխատանք:
«Դասընթացի ուսումնասիրությունը հնարավորություն կտա ուսանողին գիտական դիրքերից գնահատել հասարակական կյանքի բարդ պետաիրավական երևույթները, բացահայտել դրանց իրական էությունը, հասկանալ սոցիալական նշանակությունը, հասարակության քաղաքական համակարգում դրանց տեղն ու դերը, ճիշտ գնահատել պետաիրավական պրակտիկայում առաջացող նոր երևույթները, օրենսդրության նորությունները»,- ասաց Գեղեցիկ Գրիգորյանը:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին նոր հրատարակության առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին