ՀՊՏՀ-ում հագեցած ամառ է. սպասվում են մի շարք կարևորագույն միջոցառումներ

Դիտումների քանակ՝ 2121

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, թեև ամառ է, իրադարձային կյանքը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակում է լինել հագեցած: Ավելին՝ առաջիկայում սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, որոնցից այս հրապարակմամբ առանձնացնում ենք մի քանիսը:

Առաջին խոշոր միջոցառումը վաղն է՝ հունիսի 14-ին, ՀՊՏՀ-ում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կանցկացնեն «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը: Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության, տնտեսության համակողմանի քննարկումը, հայ-չինական հարաբերությունների բարելավման շուրջ մտքերի փոխանակումը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների օգնությամբ՝ հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։

Հաջորդ մեծ միջոցառումը հունիսի 27-ին է: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը՝ «Ինչո՞ւ է կարևոր տնտեսագիտական կրթությունը» խորագրով: Միջոցառումը կմեկնարկի ժամը 14.00-ին, ՀՊՏՀ մեծ դահլիճում, կընթանա հագեցած օրակարգով: Բացման խոսքով հանդես կգան ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը և Գուրգեն Ասլանյանը՝ Հայկական տնտեսագիտական միությունից: Բացման արարողությունից հետո կլինեն զեկուցումներ, հիմնական բանախոսն է Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը: Համաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր համալսարանների գիտնականներ հանդես կգան զեկուցումներով, այնուհետև համաժողովը կշարունակվի պանելային քննարկումների ձևաչափով: Պանելային քննարկումների ընթացքում արծարծվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առևտրի ինտեգրումն ու տնտեսական աճը, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից առևտրում, աշխատաշուկայի խտրականություն և մակրոտնտեսագիտություն և այլն:

Համաժողովին հրավիրվում են մասնակցելու միջոցառմամբ հետաքրքրված ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցչներն ու ուսանողները՝ նախնական գրացումով՝ Հայկական տնտեսագիտական միության կայքում:

«Անցումային տնտեսության մարտահրավերները» խորագրով երկրորդ միջազգային ամառային դպրոց կկազմակերպվի հուլիսի 15-19-ը: Ամառային դպրոցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի և Լյուքսեմբուրգի համալսարանի տնտեսագիտության և իրավունքի համատեղ նախագիծն է: Ամառային դպրոցի ընթացքում դասախոսություններ կլինեն հետևյալ հիմնական թեմաների վերաբերյալ՝ ցանցային տեսության հիմնադրույթներ, գծային մոդելներ և հիպոթեզների ստուգում, քաղտնտեսության մեջ կիրառվող տվյալներ, ճյուղային շուկաների տեսություն, վիճակագրության և էկոնոմետրիկայի բայեսիան մեթոդների հիմնադրույթներ և այլն։

Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։

Նշված միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտը: Կազմակերպական հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 593-477 և 010 593-484 հեռախոսահամարներով:

ՀՊՏՀ-ում հագեցած ամառվա այլ միջոցառումների կանդրադառնանք հաջորդիվ: Այնպես որ, հետևեք համալսարանի պաշտոնական լրատվական հարթակներին (պաշտոնական կայք (asue.am), էջեր Ֆեյսբուք և Լինկեդին սոցիալական ցանցերում) և ակտիվորեն մասնակցեք համալսարանի նախաձեռնություններին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին