ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի բացմանը

Դիտումների քանակ՝ 1809

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) այսօր մեկնարկել է «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացը՝ eDrone նախագծի շրջանակներում ստեղծված OED (Office for Education for Drone) լաբորատորիայում:

ՀՊՏՀ-ից միջոցառմանը մասնակցել են մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը: ՀՊՏՀ և ՀԱՊՀ ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրել են դասընթացի մանրամասները, շրջայց կատարել լաբորատորիայում և քննարկել հետագա քայլերը՝ eDrone նախագծի արդյունքում ստեղծված բացառիկ հնարավորությունը առավել լայն մասշտաբներով տարածելու համար: Այս մասին հաղորդում են միջազգային կապերի բաժնի մեր գործընկերները:

Լաբորատորիայում այժմ տեղակայված են անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ ուսանողներին թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ տրամադրելու համար:

Կարճաժամկետ դասընթացի ծրագիրը մշակվել է eDrone նախագծի ընթացքում կազմակերպված վերապատրաստումների արդյունքում: Դասընթացի շրջանակներում դասավանդելու են նաև ՀՊՏՀ դասախոսները՝ անօդաչու թռչող սարքերի քաղաքացիական կիրառության ոլորտների (շինարարություն, գյուղատնտեսություն, արտակարգ իրավիճակներ և այլն) և հնարավորությունների առաջխաղացման վերաբերյալ:

eDrone- ի մասին  մանրամասներ կարող եք կարդալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին