Հաշվապահությունը բիզնեսի սիրտն է, իսկ այդ սիրտը վստահվում է միայն լավագույն «բժիշկներին»` հաշվապահներին. շրջանավարտ Սիփան Կարապետյան

Դիտումների քանակ՝ 4461

ՀՊՏՀ սիրելի′ դիմորդ, եթե դու ընտրել ես հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, ապա այս ուղերձը քեզ է հասցեագրված: «Շրջանավարտը` դիմորդին» խորագիրն ամբողջանում է նշված ֆակուլտետի մագիստրատուրայի գերազանցիկ շրջանավարտ, այժմ արդեն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ աշխատակից (հաշվապահ) Սիփան Կարապետյանի սրտաբուխ խոսքով: Չնայած աշխատանքային զբաղվածությանը, նա ժամանակ է հատկացրել, որպեսզի լավագույն շրջանավարտի անունից քեզ օգտակար լինի իր գործնական խորհուրդներով:

«Ողջունում եմ երիտասարդներին, ովքեր ցանկանում են իրենց ուսանողական տարիներն անցկացնել ՀՊՏՀ-ում և խորհուրդ եմ տալիս ականջալուր լինել ձեր սրտի ձայնին: Ձեր բոլոր նախասիրությունները, հետաքրքրությունների շրջանակն օգտագործեք` դառնալու փորձառու և լավ մասնագետ մեր երկրի համար: Հիշեք` ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, պետք է սիրեք այն, եռանդով սովորեք և ուսանողական տարիներին երբեք չհիասթափվեք, իսկ հիասթափության դեպքում` չլճանաք ու չհուսախաբվեք: Ես նորաթուխ մասնագետ եմ, հաշվապահ և խորհուրդ եմ տալիս, որ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում սովորեն այն երիտասարդները, ովքեր չեն ընկրկի դժվարություններից և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել` սկսած մասնագիտական առաջին քայլից: Ես կարծում եմ, որ հաշվապահական հաշվառումը բիզնեսի սիրտն է: Իսկ այդ սիրտը ո՞ւմ պետք է վստահել, իհարկե, միայն լավագույն «բժիշկներին»՝ հաշվապահներին: Սա հեռանկարային, մեծ պահանջարկ ունեցող ու եկամտաբեր մասնագիտություն է, և եթե դու ընտրել ես այն, հավանաբար, գործնական անհատականություն ես», -ասում է Սիփանը, ապա արժևորում ՀՊՏՀ-ում ստացած իր 6-ամյա կրթությունը (բակալավրիատ և մագիստրատուրա) և հիմնավորում` ինչու սովորել ՀՊՏՀ-ում ու հատկապես հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում: «Համալսարանում ուսումնառության 6 տարիների ընթացքում սովորել եմ գերազանց, ուսումնասիրել մասնագիտությանս բոլոր կողմերը և հիմա, որպես շրջանավարտ, կարող եմ ասել, որ ՀՊՏՀ-ն ուսանողին տալիս է որակյալ կրթություն, հետազոտական և պրակտիկ աշխատանքներ կատարելու հնարավորություն: ՀՊՏՀ-ում են համախմբված ֆինանսական ոլորտը ներկայացնող լավագույն մասնագետները, որոնք օժտված է գիտելիքով, փորձով, հմտությամբ. նրանք մարդիկ են ովքեր կառավարում են թե' պետական, թե' մասնավոր հատվածի ֆինանսական հարթակները: Համալսարանի ընձեռած յուրաքանչյուր ռեսուրս պետք է ծառայեցնել մասնագիտական աճին և կատարելագործմանը: Եթե գալիս ես ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ և ուզում ես դառնալ լավ մասնագետ, ապա հենց սկզբից լա′վ սովորիր և պատվո′վ կրիր հաշվապահ լինելու կոչումդ: Դու պետք է քո ժամանակը փոխարինես ավելի կարևոր ռեսուրսներով` ինֆորմացիա, հմտություն, ծանոթություններ ու կապեր, որոնք քեզ կտանեն դեպի մասնագիտական մեծ բարձունքներ: Դե ինչ, արի′ ՀՊՏՀ, ՀՊՏՀ-ում դու կգտնես քո մասնագիտական տեսլականը: Եվ թող ոչ մի խոչընդոտ չկասեցնի բարի երթդ, սիրելի' դիմորդ: Եվ ինձնից` քո ավագ ընկերոջից, քեզ մի մեծ խորհուրդ`
Դու մի' անցիր ասֆալտ ճամփով,
Գերադասիր ճամփա շինել…» :

Այսպիսով, ՀՊՏՀ դիմորդ, ամփոփում ենք քեզ ուղղված «Շրջանավարտը` դիմորդին» խորագիրը և մաղթում հաջողություն: ՀՊՏՀ-ում քեզ են սպասում ամենաարդիական ու գրավիչ մասնագիտություններն ու լավագույն դասախոսները, ինչպես նաև հետաքրքիր ու հագեցած ուսանողական կյանքը: Վստահ ենք` շատ շուտով հանդիպելու ենք Տնտեսագիտական մայր բուհում և ողջունելու ենք քեզ ոչ թե որպես դիմորդի, այլ արդեն որպես նորընծա ուսանողի:

Հ.Գ. Խորագրի ներքո ներկայացրեցինք ՀՊՏՀ բոլոր 6 ֆակուլտետների` մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության, ֆինանսական, կառավարման շրջանավարտների խոսքը (տե′ս ակտիվ հղումներով)` ուղղված ՀՊՏՀ դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին