ՀՊՏՀ ղեկավարությունը խրախուսեց սպորտի և գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած ուսանողներին

Դիտումների քանակ՝ 2202

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակը վերջին շրջանում կայացած երկու հանրապետական նշանակության միջոցառումներում ՀՊՏՀ ուսանողների հաջողությունները խրախուսելն էր: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հանդիպեց «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կազմակերպած միջբուհական ամենամյա Finance challenge մրցույթում ոսկե գավաթակիր  դարձած հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի բակալավրիատի 3-4-րդ կուրսերի ուսանողներին, ինչպես նաև ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին, որը «Ֆուտզալ A լիգա» մրցաշարի կրկնակի չեմպիոն էր դարձել: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը:

Ուսանողներին ջերմորեն շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ ուսանողների հաջողություններն ու հաղթանակաները ոգևորիչ են և պատվաբեր: Բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ Տնտեսագիտական համալսարանի ուսանողներն իրենց հաղթարշավը կշարունակեն առաջիկայում սպասվող հանրապետական այլ նախագծերում և իրենց ոգևորությամբ կխանդավառեն բուհի մյուս ուսանողներին ևս:

Ուսանողներին շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեցին նաև դեկան Մերի Բադալյանը, ամբիոնների վարիչներ Ալվարդ Սարգսյանը և Հովհաննես Գաբրիելյանը, նաև աջակցության համար շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարին:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման հաճելի արարողությունը՝ շնորհակալագրեր և ՀՊՏՀ լոգոյով շոկոլադե տուփեր ստացան հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները, իսկ մարզիկները կստանան խրախուսական պարգևներ: Մարզիկները նաև ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին փոխանցեցին փոխանցիկ հաղթական գավաթը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին