Դեպի Եվրոպա՝ ուսումնառելու. տեղեկատվական հանդիպմանը քննարկվեց «Էրազմուս+»-ին դիմելու ընթացակարգը և ոչ միայն

Դիտումների քանակ՝ 1880

«Եվրոպայում ընդունված է՝ ուսանողներն իրար կոլեգա են անվանում, ուստի, թույլ տվեք ձեզ դիմել «Հարգելի´ կոլեգաներ»-ով»,-ՀՊՏՀ դահլիճում «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական հանդիպման մասնակից ուսանողներին այսպես ողջունեց նույն ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ Ցենովի տնտեսագիտական ակադեմիայում (Բուլղարիա) ուսանած ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Տիգրան Ղալայանը:

Եվրոպական կրթական փորձին, մշակույթին, սովորույթներին ծանոթանալու մեծ ցանկություն, բարձր առաջադիմություն ու անգլերենի գերազանց իմացություն ունեցող ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ դասերից հետո շտապեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ ԵՄ «Էրազմուս+»-ի մասին:

Նշված կրթական ծրագրին անդամակցելուց ի վեր ՀՊՏՀ-ում պատասխանատու ստորաբաժանման կողմից հաճախ են կազմակերպվում տեղեկատվական հանդիպումներ, որոնք, ըստ էության, օգնում են ուսանողներին առաջին քայլն անել ծրագրի մասնակցելու համար: Այսօր էլ նմանատիպ հանդիպում էր, որի ընթացքում ՀՊՏՀ-ում ծրագիրը համակարգող և հանդիպումը կազմակերպած միջազգային կապերի բաժինը համալսարանի ուսանողներին մանրամասն տեղեկություններ հաղորդեց, այնուհետև ծրագրի շրջանավարտ ուսանողներ Տիգրան Ղալայանը և Խորեն Իսպիրյանը (ֆինանսներ) իրենց փորձը ներկայացրին՝ էլ ավելի բարձրացնելով ուսանողների՝ ծրագրին դիմելու մոտիվացիան:

Հանդիպումը վարեց միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Հետաքրքրաշարժ խաղի միջոցով նա նախ ստուգեց ուսանողների իմացությունը ծրագրի վերաբերյալ, ապա հանգամանալից պարզաբանեց հաճախ տրվող մի շարք հարցեր:

Ի դեպ, սեպտեմբերի 12-ին, 13-ին, 16-ին ծրագրի դիմորդների համար տեղի կունենան անգլերենի քննություններ:

«Էրազմուս+» ծրագրի մասին մշտապես թարմացվող տեղեկատվություն կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին