ՀՊՏՀ ներկայացուցիչները դասախոսել են Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում

Դիտումների քանակ՝ 2071

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Տիգրան Մնացականյանը և նույն ամբիոնի ասիստենտ Լիլիթ Գյուլգյուլյանը ապրիլի 8-12-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում դասավանդել են Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում։

«Օպերացիաների կառավարում» դասընթացի շրջանակներում «Որակի կառավարում» և «Կանխատեսման մեթոդներ» թեմաներով դասախոսություններ է վարել Տիգրան Մնացականյանը՝ առաջին թեման դասավանդելով տեղի երրորդ կուրսի ուսանողներին, իսկ երկրորդ թեման՝ «Էրազմուս+» ծրագրի տվյալ կիսամյակի ընթացքում տարբեր երկրներից Հունաստան ժամանած ուսանողների կուրսում։ Լիլիթ Գյուլգյուլյանը դասախոսություններով է հանդես եկել «Ռազմավարական կառավարում» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացների շրջանակներում։ «Ռազմավարական կառավարում» դասընթացի շրջանակներում ուսանողներին է ներկայացվել «Ռազմավարական փոփոխությունների կառավարում» թեման, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են փոփոխությունները կազմակերպությունում արդյունավետ իրականացնելու հմտություններին, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում։ «Մարդկային ռեսուրսների կառավարում» առարկայի շրջանակներում ուսանողները ձեռք են բերել տեսական գիտելիքներ մարդկային ռեսուրսների պլանավորման և ընտրության գործընթացների վերաբերյալ և ստացած գիտելիքներն ամրապնդել գործնական առաջադրանքների կատարմամբ։

«Հաճելիորեն տպավորված ենք ուսանողների հետաքրքրվածությամբ և դասընթացներին նրանց ակտիվ մասնակցությամբ: Եվ սա այն պարագայում, որ Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում ներդրված չէ դասամատյանների վարման և բացակայությունների հաշվառման երևույթը»,- նշեց Լիլիթ Գյուլգյուլյանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին