Տնտեսագիտական համալսարանը հերթական թողարկման շեմին է. ընթանում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Դիտումների քանակ՝ 3003

Տնտեսագիտական համալսարանի ավարտական կուրսերի ուսանողները կարևոր ու պատասխանատու ստուգատես են անցնում. ապրիլի 19-ից ավարտական (դիպլոմային) աշխատանքների պաշտպանությամբ կրթօջախում մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Այսօր պաշտպանություն էր հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի) մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում է ՀԱԱՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ջուլիետա Գևորգյանը, հանձնաժողովի անդամներն են «Ֆռեյա Ընդ Սան» ՍՊԸ հաշվապահ Վոլոդյա Հովհաննիսյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը, նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լևոն Սահակյանը, հանձնաժողովի քարտուղարն է նշված ամբիոնի ավագ լաբորանտ Աննա Կիրակոսյանը:

Փոքր-ինչ հուզված, բայց վստահ ելույթներով ամբիոնից իրենց մասնագիտական գիտելիքներն ամփոփեցին և հետազոտական-վերլուծական կարողություններն ի ցույց դրեցին նորաթուխ մասնագետները: Տաթևիկ Հակոբյանը առաջին համարձակներից էր. նա ներկայացրեց «Ֆինանսական կայունության վրա փոխառու կապիտալի ազդեցության վերլուծություն» թեմայով աշխատանք, որի շրջանակում ուսումնասիրել էր կոնկրետ կազմակերպության փոխառու կապիտալի կազմն ու կառուցվածքը և նրա ազդեցությունը կազմակերպության ֆինանսական կայունության մակարդակի վրա:

«Այսօր կարևոր օր է մեզ համար, հուսով եմ` լավ ներկայացա հանձնաժողովին և լսարանին, ակնկալում եմ լավ գնահատական: Այսպիսով, գրեթե ավարտեցինք համալսարանը և դիպլոմը ստանալուց հետո նպատակ ունեմ աշխատանքի անցնել որպես հաշվապահ. վստահ եմ, որ այս 4 տարիների ընթացքում ստացած գիտելիքներս կկարողանամ կիրառել գործնականում: Ի դեպ, այս առումով բավականին օգտակար էր մեր փորձառությունը: Շնորհակալություն մեր դասախոսներին և հանձնաժողովին»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Տաթևիկը՝ հավելելով՝ տեղյակ է, որ առաջիկայում նոր մասնագիտություններ են ներդրվելու ՀՊՏՀ-ում և հնարավոր է՝ հենց այդ մասնագիտություններից մեկով էլ մագիստրոսական կրթություն ստանա:

Ի գիտություն շրջանավարտների հայտնենք հետևյալ տեղեկատվությունն ըստ ուսումնական բաժնի. ամփոփիչ ատեստավորման գործընթացը կազմակերպվում է հետևյալ ժամանակացույցով՝ ապրիլի 15-ից մայիսի 31-ը՝ առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանություններ, ապրիլի 29-ից մայիսի 31-ը՝ առկա մագիստրատուրայի թեզերի պաշտպանություններ, մայիսի 29-ից հունիսի 20-ը՝ հեռակա բակալավրիատի (5-րդ կուրսեր) ավարտական աշխատանքների պաշտպանություններ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարբերաբար լուսաբանելու է ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Հետևեք նաև մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին և ծանոթացեք ՀՊՏՀ ամենաթարմ նորություններին, լուսանկարային շարքերին:

Ավարտական կուրսերի սիրելի' ուսանողներ, ձեզ մաղթում ենք բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին