ՀՊՏՀ ուսանող Արամը պատերազմում սխրանքներ է գործել. նա ապաքինվում է, պատրաստվում է շարունակել ծառայությունը

02.12.2020
Դիտումների քանակ՝ 1401

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արամ Սուրենի Մարտիրոսյանը ժամկետային զինծառայող է, ծառայության մի մասն անցկացրել է Մեխակավանում: Արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին իսկ օրերին եղել է ամենաթեժ կետերից մեկում, դեռ սեպտեմբերի 25-ին մեկնել էր մարտական հերթափոխի։ Պատերազմի սկզբից էլ Արամն աչքի է ընկել հերոսական սխրանքներով, կռիվ է մղել մինչև վերջ, վիրավորում է ստացել: Բարեբախտաբար, մեր հերոսն արդեն ապաքինվում է. նրա որպիսության և քաջագործությունների մասին մասին մեզ տեղեկացրեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը:

Պատերազմն սկսվելուն պես Արամը ոչնչացրել է հատուկ ջոկատայինների, խոցել հակառակորդի մեկ միավոր զրահատեխնիկա (տանկ), շարքից հանել մեկ միավոր ՏՈՍ կայանք, ինժեներական համալիր (կամուրջ-տեխնիկա), մասնակցել մի շարք հակահարձակողական գործողությունների։ Մարտի դաշտից դուրս է բերել զինակից ընկերներից 3-ի մարմինները, վիրակապել և փրկել է սպաներից մեկի կյանքը։ Հոկտեմբերի 7-ին զինծառայողներից 3-ի հետ մեկնել է հատուկ առաջադրանքի՝ 1կմ խորանալով հակառակորդի կողմից արդեն իսկ գրավված տարածքում՝ 3 կողմից շրջափակված լինելով հակառակորդով. առաջադրանքը կատարելիս հերոս տղաները հետ են մղել հակառակորդի 2 լայնամասշտաբ հարձակում: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադարից 20-25 րոպե անց, հակառակորդի կողմից ենթարկվելով լայնամասշտաբ հարձակման, Արամն իր զինակիցների հետ խոցել է մեկ միավոր զրահատեխնկիկա (տանկ), որի արդյունքում ևս 2 զրահատեխնիկա. հետևակի մոտ 150 զինվորական դիմել են փախուստի, իսկ փախուստի դիմող անձնակազմին ոչնչացնելիս նա թիրախավորվել և խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից։ Պատերազմի ամենաթեժ ու վտանգավոր կետերից մեկում Արամը մոտ 9 ժամ վիրավոր է մնացել:

Վերջապես, զինակիցներին հաջողվել է նրան դուրս բերել ռազմի դաշտից ու տեղափոխել իրենց թիկունք: Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո Արամը տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև` Երևանի «Էրեբունի» ԲԿ։ Որոշ ժամանակ ապաքինվելուց հետո նա ուղևորվել է տուն` մայրական խնամքի։ Այժմ մեր հերոսի առողջական վիճակը բավարար է, քաջորդին պատրաստվում է մեկնել Արցախ՝ շարունակելու իր առաքելությունը:

Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ Արամը մեր շնորհալի ուսանողներից է, կարմիր վկայականով ավարտել է «Փայտի գեղարվեստական մշակում» խմբակը: Նրա աշխատանքներից մեկը` վերջին լուսանկարում: Անասելի հպարտ ենք, սիրելի′ Արամ, քեզ երկաթե առողջություն ենք մաղթում: Համալսարանդ սպասում է վերադարձիդ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերիր բաժին