Աշխատաշուկայի հետ հարաբերությունների կառուցումը մեր գերակայություններից է. Ռուբեն Հայրապետյանը և Աշոտ Օսիպյանը հավաստագրեր հանձնեցին ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 3298

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին, վարչության նախագահի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը: Հանդիպման առիթը «Բանկային գործ» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի 29 ուսանողներին հավաստագրերի հանձնումն էր: 2018թ. տարեվերջին նրանք վարպետության դասերի էին մասնակցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում:
«Աշխատաշուկայի հետ հարաբերությունների կառուցումը մեր գերակայություններից մեկն է և լինելով ոչ առևտրային կազմակերպություն՝ մենք հետապնդելու ենք յուրօրինակ շահույթ, որը պետք է արտահայտվի մեր ուսանողների որակյալ գիտելիքներով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ»,- հանդիպումն այսպես սկսեց ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ բանկային համակարգի հետ համագործակցությունը ՀՊՏՀ-ն կարևորում է, և ինքը պատրաստակամ է առաջիկայում վերանայել փոխգործակցությունը՝ այն հարստացնել նոր ծրագրերով և մոտեցումներով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշեց, որ իրենց համար գերակայություն է բուհերի հետ համագործակցությունը, ինչը իրենց, որպես գործատուի, որակյալ կադրերով բանկը համալրելու հնարավորություն է տալիս: Աշոտ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Հայրապետյանին՝ գործատուների հետ համագործակցությունը կարևորելու համար և նշեց, որ մինչ այժմ ՀՊՏՀ ուսանողների համար իրենք կազմակերպել են վարպետության դասեր, բայց ունեն այլ առաջարկներ ևս և պատրաստ են աջակցել ՀՊՏՀ-ին:
Ռուբեն Հայրապետյանը հայտնեց նաև, որ ինքն արդեն հանդես է եկել ՀՊՏՀ շրջանավարտների ցանց ստեղծելու նախաձեռնությամբ, որը հանրային լայն արձագանք է ստացել, այդ թվում նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի աշխատակիցների կողմից, որոնք մեր բուհի շրջանավարտներ են, ապա հույս հայտնեց, որ շրջանավարտների բազայի ստեղծումը և հետագա կառավարումը բանկի հետ համագործակցելու նոր ուղիներ կստեղծի: Աշոտ Օսիպյանը, ողջունելով նախաձեռնությունը, ևս մեկ անգամ ընդգծեց համալսարանին աջակցելու իրենց պատրաստակամության մասին: «Մեզ պետք են որակյալ կադրեր և շնորհակալ կլինենք, որ որպես գործատուներ՝ կարողանանք ձեզ հետ միասին հասնել այդ նպատակի իրականացմանը»,- ասաց բանկի վարչության նախագահը: Նա նաև շնորհակալություն հայտնեց բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանին՝ համատեղ ծրագրերի իրագործմանն աջակցելու համար:
Ռուբեն Հայրապետյանը և Աշոտ Օսիպյանը քննարկեցին համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, որոնք առնչվում էին հետազոտությունների իրականացմանը, փորձառությունների՝ նոր ձևաչափով կազմակերպմանը, մագիստրատուրայի ուսանողների համար թրեյնինգների կազմակերպմանը:
Այնուհետև տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը հիշարժան օր դարձավ ուսանողների համար: Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Օսիպյանը, Դավիթ Հարությունյանը և Աննա Ասլանյանը շնորհավորանքի խոսքեր հղեցին ուսանողներին և հանձնեցին հավաստագրերը:
Սկսելով միջոցառումը՝ Աննա Ասլանյանը շնորհակալություն հայտնեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ղեկավարությանը՝ մեր համալսարանի հետ համագործակցության համար, նշեց, որ վարպետության դասերի կազմակերպումը երկկողմ փոխգործակցության լավագույն օրինակներից է, որն իրականացվում է արդեն 4 տարի: Նրա խոսքով՝ ուսանողները այդ դասերից վերադառնում են շատ տպավորված: Աշոտ Օսիպյանը, դիմելով ուսանողներին, շնորհակալություն հայտնեց նրանց բանկային գործի մասնագիտությունն ընտրելու համար, ապա նշեց, որ սա կարևոր մասնագիտություն է: Բանկի վարչության նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր արագ է փոխվում և միայն լավ գիտելիքներով օժտված մարդիկ կարող են ճիշտ կառավարել այդ փոփոխությունները:
Ուսանողներին ողջույնի ջերմ խոսք ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով. «Դուք ձեր մասնակցությամբ դրական էներգիա հաղորդեցիք այս իրադարձությանը, և ես ուրախ եմ, որ դուք այս համագործակցության մասնակիցն եք: Գործատուների, աշխատաշուկայի հետ հարաբերությունների կարգավորումը մեր գերակայություններից է, և դուք առաջիկայում քայլ առ քայլ կզգաք այս ոլորտում մեր փոփոխությունները, մեր առաջնահերթությունները: Սիրելի ուսանողներ, մեր դարում գիտելիքին այլընտրանք չկա, և նախկինում եղած բոլոր հնարավորությունները այսօր սպառված են, ուստի կոչ եմ անում ձեզ լավ սովորել և ձեռք բերել որակյալ գիտելիք: Բարի երթ եմ մաղթում ձեզ, եղեք ակտիվ, նախաձեռնող, անկաշկանդ ներկայացրեք ձեր առաջարկները, դրանք մեր կողմից կողջունվեն»: Ռուբեն Հայրապետյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործընկերներին, անձամբ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին:
Կուրսի անունից շնորհակալական խոսք ասաց ուսանող Ջեմմա Սիրեկանյանը՝ կարևորելով պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:
Նշենք նաև, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահը հանդես է եկել ՀՊՏՀ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու առաջարկությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին