Վալենսիայում ուսումնառող մեր ուսանողները տպավորված են կրթական ծրագրից. նրանք ամանորյա շնորհավորանք են հղել (լուսանկարներ, տեսանյութ)

Դիտումների քանակ՝ 2084

Հայաստանի պետական տնտեսագիտական (ՀՊՏՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային (ՃՇՀԱՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանները (ՎՊՀ, Իսպանիա) 2017թ. ապրիլի 4-ին կնքված միջհամալսարանական համագործակության եռակողմ համաձայնագրի ու ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ միջև 2017 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված համաձայնագրի հիման վրա 2017-2018 ուսումնական տարվանից իրականացնում են «Նախագծերի կառավարում» (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում) մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը։ «Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագրով նախատեսված է մեկական տարով ուսուցման կազմակերպում հայաստանյան համալսարաններում և ՎՊՀ-ում՝ Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Ռիմինիի մասնաճյուղում փորձառություն անցնելու հնարավորությամբ։
Նոյեմբերի 19-ին ՎՊՀ-ում տրվել է «Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագրի՝ Վալենսիայում իրականացվող ուսումնառության մեկնարկը: Այս մասին ավելի վաղ արված մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:  2018-2019 ուսումնական տարում «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրով ՎՊՀ-ում ուսանում են 11 ուսանողներ, ովքեր ուսումնառության ավարտին ստանալու են մշակութային զբոսաշրջության երկրատեղեկատվական կառավարման մագիստրոսի որակավորում։
ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ով ծրագրի պատասխանատուն է մեր բուհից, ծրագրի ընթացքը դրական է գնահատում: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Ներսես Գևորգյանը նշեց, որ ինքն անմիջական կապի մեջ է Վալենսիայում ուսումնառող մեր ուսանողների հետ, պարբերաբար տեղեկանում է ուսումնառության ընթացքի, ուսանողներին հետաքրքրող հարցերի մասին: «Մեր ուսանողները շատ բավարարված են դասընթացների բովանդակությունից և ՎՊՀ-ում կիրառվող դասավանդման մեթոդներից։ Բոլոր դասընթացների ուսումնառությունը կրում է կիրառական բնույթ։ Ուսանողները գոհ են նաև ՎՊՀ-ի ակադեմիական միջավայրից և համալսարանական ենթակառուցվածքներից»,- ասաց Ներսես Գևորգյանը:
Ի դեպ, նրա խոսքով՝ Վալենսիայում սովորող մեր ուսանողները այնտեղ դասավանդող դասախոսների և Վալենսիայի քաղաքացիների ներգրավմամբ տոնական օրերին պատրաստել են ամանորյա տեսաուղերձ, որը սիրով ներկայացնում ենք ստորև: Տեսանյութն առկա է նաև ՀՊՏՀ յութուբյան ալիքի էջում:

Սույն մագիստրոսական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին