Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Դիտումների քանակ՝ 9773

…Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, «Մեր լեզուն»

Շուրջ երկու տասնամյակ է՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում՝ առիթ հանդիսանալով վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մեր մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, բացառիկ ճկունությանն ու չքնաղ այբուբենին, մեր մտածողությունը ձևավորող ու սնող, նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհ հարթող մեր հայերենին:
Որքան երջանիկ ենք, որ հայերենն է մեր մայրենին, մանկական թոթովանքից, մինչև բարբառ, քնարերգության ու գիտության լեզու, այն ամենուր ու միշտ գրավիչ է, հասկանալի, հյութեղ, հուզիչ:
Հայերենը ներշնչանքի աղբյուր է, մի անգնահատելի գանձ, որը վսեմ ու ինքնամոռաց սիրո ու գորովանքի է արժանի, արժանապատվորեն նրա կրողը լինելու բարձր ու զգոն գիտակցության:
Սիրենք, սովորենք, զարգացնենք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք:
Հիշենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ընդունել է 1999 թ. նոյեմբերին: Տոնի հիմքում 1952 թ. Դաքքա քաղաքում ուսանողների պայքարն է ի պաշտպանություն մայրենի լեզվի՝ բենգալերենի իրավունքի, որն ուղեկցվում է բախումներով ու զոհերով, սակայն հաղթական ավարտ է ունենում և ավելին՝ ազգային ինքնագիտակցության զարթոնքի սկիզբ դառնում Արևելյան Պակիստանի ժողովրդի համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին