Գրքի տոնի առթիվ ՀՊՏՀ գրադարանում ցուցադրություն և պարգևատրում էր

Դիտումների քանակ՝ 2733

«Գրադարանը գրքի տաճար է, իսկ գիրքը՝ մարդու հոգու խորքը տանող ճանապարհը»,-այսօր ՀՊՏՀ-ում գրքի տոնին նվիրված ցերեկույթում ընթերցանության դերն արժևորեց լավագույն ուսանող-ընթերցողներից մեկը՝ Լենա Ավդալյանը:
Տոնի առթիվ ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը Մուշեղ Ադոնցի անվան ընթերցասրահում մի բովանդակալից միջոցառման շուրջ էր համախմբել գրքասեր ուսանողներին, աշխատակիցներին: Ցերեկույթի հյուրերն էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ամերիկյան կենտրոնի ղեկավար Ներսես Հայրապետյանը, աշխատակիցներ Տաթևիկ Դերձյանը և Անդրանիկ Մանուկյանը, ով, ի դեպ, ՀՊՏՀ շրջանավարտ է: Նշենք, որ օրեր առաջ դեսպանատունը մեր համալսարանի գրադարանին է նվիրել շուրջ 60 անուն գիրք, որոնք այսօր ցուցադրվեցին ընթերցասրահում: Միջոցառումը բաղկացած էր 2 հատվածից՝ ԱՄՆ դեսպանատան և ՀՊՏՀ գրադարանի համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկում և բուհի լավագույն ուսանող-ընթերցողներին մրցանակների հանձնում:
Գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ողջունեց գրքասերներին և նշեց, որ ի դեմս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Տնտեսագիտական մայր բուհի գրադարանն ունի լավ բարեկամ, որի հետ համագործակցությամբ բուհի գրքային ֆոնդը համալրվում է անգլալեզու, ինչպես նաև հայալեզու (թարգմանված) ժամանակակից գրականությամբ: «Նվիրատվություն ենք ստացել գրքեր և ամսագրեր, որոնք, անշուշտ, ուսանողների համար ավարտական աշխատանքներ, հետազոտություններ կատարելիս արժեքավոր աղբյուր կարող են լինել»,-գրքերը ներկայացնելիս ասաց տնօրենը:
Ներսես Հայրապետյանն իր հերթին կարևորեց բուհի հետ գործակցությունը, պատրաստակամություն հայտնեց այն խորացնելու, համատեղ միջոցառումներ կազմակերպելու: Նա նաև ուսանողներին առաջարկեց մասնակցել ԱՄՆ դեսպանատան 6-ամսյա փորձառության ծրագրին, որից հետո լավագույն մասնակիցները աշխատանքի հրավեր են ստանում: Ծրագրի (internship) վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության շրջանավարտ Անդրանիկ Մանուկյանը, ով դեսպանատանն աշխատանքի է անցել նշված ծրագրով:
Այնուհետև հայտարարվեցին ՀՊՏՀ լավագույն ընթերցողների անունները, նրանց հավաստագրեր և գիրք-մրցանակներ հանձնեցին Արմինե Հովհաննիսյանն ու Ներսես Հայրապետյանը: Եվ այսպես, 2018թ. լավագույն ընթերցողներն են հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող Արիանա Ֆարմազյանը, կառավարման ֆակուլտետի մագիստրանտ Լենա Ավդալյանը, նույն ֆակուլտետի ուսանող Դավիթ Բարսեղյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի մագիստրանտ Ֆիրդուս Բաղդասարյանը, արժեթղթերի շուկա մասնագիտության ուսանողներ Թամարա Գյոզալյանը, Կարեն Օրդյանը, Տիգրան Սարգսյանը, Արտյոմ Աշիգովը: Նրանք շնորհակալություն հայտնեցին գրադարանի աշխատակիցներին՝ սրտացավ աշխատանքի համար, ապա անդրադարձան ընթերցանության դերին:

Տեղեկացնենք, որ ԱՄՆ դեսպանատան նվիրած գրքերը ևս 2 օր կցուցադրվեն ՀՊՏՀ գիտական ընթերցասրահում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին