e-Buh ուսումնական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգը ՀՊՏՀ-ում տալիս է առաջին արդյունքները

Դիտումների քանակ՝ 2696

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրված e-Buh ուսումնական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգը տալիս է առաջին արդյունքները: Ուսումնական գործընթացն էլեկտրոնային եղանակով կառավարելու հնարավորությամբ համակարգն իր բոլոր բաղադրիչներով ներդրվում է բուհի ուսումնական կյանքում: 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների (դիպլոմների) հավելվածների (միջուկ) տպագրման գործընթացը մի շարք ֆակուլտետներում արդեն իսկ իրականացվել է ավտոմատացված համակարգով:

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի պետ Սամվել Հովհաննիսյանն ու բաժնի ծրագրավորող Հռիփսիմե Օսիպյանը: Մեր գործընկերների ներկայացմամբ՝ այս համակարգով դիպլոմների հավելվածների տպագրությունը մեծ առավելություն ունի ավանդաբար տպագրվող եղանակի նկատմամբ՝ նախ բոլոր հավելվածները բերվել են մեկ միասնական ձևաչափի, ծրագրային միջամտությունը նվազեցրել է սխալների հավանականությունը, ժամանակի, նյութական ծախսերի նշանակալի խնայողություն է արձանագրվել:

Սամվել Հովհաննիսյանն ընդգծեց, որ համակարգի ներդրման գործընթացները գրեթե բոլոր ֆակուլտետներում լիարժեք կիրառման փուլում են:

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը համակարգի գործարկմանը մասնակցում է այս տարվա սկզբից: Սերտ համագործակցելով ծրագրավորողների թիմի հետ՝ նա ստացել է ծրագրային ապահովումը և սկսել ներդրման գործընթացն ամբողջ ծավալով: «Այս համակարգը հնարավորություն է տալիս բուհի ամբողջ ուսումնական գործընթացը կառավարել էլեկտրոնային եղանակով և ամենակարևորը՝ տեղեկատվության ամբողջական հասանելիություն ապահովել, ինչը շատ կարևոր գործիք է բուհի կառավարման գործում»,- ասաց դեկանը: Գրիգոր Նազարյանի ներկայացմամբ, համակարգը ունի մի քանի բաժիններ՝ «Դասացուցակ», «Ուսանող», «Ուսումնական», «Աշխատակից», «Հաշվառում», «Առաջադիմություն» և այլ, ինչպես նաև ուսանողների կարգավիճակի, հաշվետվությունների, տեղեկանքների, դասաբաշխումների կարգավորման այլ դաշտեր, որոնց շնորհիվ ուսումնական գործընթացի վերաբերյալ բոլոր տեղեկությունները ամբողջական ձևով առկա են մեկ հարթակում, և համակարգի վերջնական ներդրման ավարտին հասանելիություն կտրվի բոլոր շահառուներին:

«Առաջիկայում կսկսենք զուգահեռ վարել նաև էլեկտրոնային մատյանները՝ թե՛ գնահատման, թե՛ բացակայությունների: Նախատեսվում է այդ արդյունքները միանգամից արտացոլել ստուգարքային և քննական տեղեկագրերում: Էլեկտրոնային այս հարթակը հնարավորություն է տալիս ճիշտ հաշվառելու ուսանողների ամբողջ պատմությունը: Ուսանողների գնահատականների ամբողջ պատկերը ևս ավտոմատացված է»,- նշեց Գրիգոր Նազարյանը

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացված համակարգը զգալի բարելավել է ֆակուլտետի ուսումնակազմակերպական աշխատանքը: Ֆակուլտետի ղեկավարի խոսքով՝ ամբողջական տեղեկատվության հասանելիությունն ու կառավարումը իր դրական ազդեցությունը կթողնի ուսումնական ամբողջ գործընթացի վրա:

Մի քանի ֆակուլտետների 2018-2019 ուսումնական տարվա դիպլոմների հավելվածները արդեն իսկ տպագրվել են էլեկտրոնային այս համակարգով: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանատի աշխատակից Մերի Աբգարյանը կարևորեց հետևյալը՝ համալսարանի կառավարման ավտոմատացված համակարգը հնարավորություն է տալիս դիպլոմների և հավելվածների տպագրումը և պատրաստումն իրականացնել գրեթե համաժամանակյա, այսինքն՝ շրջանավարտները կկարողանան այսուհետ իրենց դիպլոմները ստանալ հավելվածների հետ միասին:

ՀՊՏՀ մյուս ֆակուլտետներում էլեկտրոնային համալսարանի գործարկման արդյունքներին կանդրադառնանք հաջորդիվ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին