ՀՊՏՀ աշխատակիցներն Ամստերդամում մասնակցել են ՐԻՖԱՅՆ ծրագրի կոորդինացիոն հանդիպմանը

Դիտումների քանակ՝ 1773

Հոկտեմբերի 17-18-ին Ամստերդամի Կիրառական գիտությունների համալսարանում տեղի է ունեցել «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի կոորդինացիոն հանդիպումը, որտեղ ՀՊՏՀ-ն ներկայացրել են միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը:

Ինչպես հայտնում են նշված բաժնից, աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել և ամփոփվել են ծրագրի շրջանակներում դասավանդման ժամանակակից մեթոդների վերաբերյալ իրականացված վերապատրաստումների, Կորպորատիվ ֆինանսների մագիստրոսական ծրագրի բարեփոխմանն ուղղված դասընթացների արդյունքներն ու արդյունավետությունը: Յուրաքանչյուր համալսարան ներկայացրել է «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտության 2019-2020թթ. ուստարվա ընդունելության արդյունքները, ծրագրի կայունության ռազմավարությունը, պլանավորվել են ծրագրի եզրափակիչ տարվա գործողությունները և դրանց ժամկետները:

Հարկ է ընդգծել, որ ՐԻՖԱՅՆ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների շնորհիվ՝ բարեփոխված Կորպորատիվ ֆինանսներ դասընթացը 2019-2020թթ. գրանցել է ուսանողների քանակի 75% աճ (28 ուսանող)՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատած (16 ուսանող):

Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆԸ ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը, նախագծի մասին ավելին՝ համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին