Դեկանների, ամբիոնների վարիչների ընտրություններ՝ գիտական խորհրդի այսօրվա նիստում

Դիտումների քանակ՝ 2635

Այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որի մեկնարկից առաջ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք հղեց վաստակաշատ գիտնական-մանկավարժ, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի հիմնադիր-վարիչ, պրոֆեսոր Գրիգոր Աղաջանյանին, ում 80-ամյա հոբելյանն էր օրերս: Հոբելյարը դահլիճում էր, և ռեկտորը նրան հանձնեց իր շնորհավորական ուղերձը՝ մաղթելով, առողջություն և արևշատություն:
Օրակարգի առաջին հարցը՝ ուսանողական խորհրդի 2018թ. ֆինանսական հաշվետվության մասին, զեկուցեց ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ 2018թ. իրականացված ուսանողական ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 3 մլն. 291 հազար 670 ՀՀ դրամ: Տարվա միջոցառումների շարքում նա նշեց «ՀՊՏՀ խաղեր 2018» և «Ուսանողական գարուն 2018» մարզամշակութային փառատոնների, «Լավագույն ուսանող 2018» մրցանաբակաբաշխության, «CrosSkill» միջբուհական աշխատաժողովի, մանկատուն այցելության, «Տնտեսագետ» մարզաառողջարանում համալսարանի ուսանողների ամառային հանգստի կազմակերպման մասին: Գիտխորհրդի որոշ անդամներ առաջարկներ հնչեցրին հաշվետվության ձևաչափի վերաբերյալ, որից հետո հաշվետվությունն ընդունեցին ի գիտություն:
Օրակարգի 2-րդ և 3-րդ հարցերը վերաբերում էին ամբիոնների վարիչների և դեկանների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին, որոնց մասին զեկուցեց ՀՊՏՀ մրցութային հանձնաժողովի նախագահ Արամ Սարգսյանը, ով մանրամասն ներկայացրեց թեկնածուներին, նրանց փաստաթղթերը, և պահանջվող այլ տեղեկությունները: Նշվեց, որ համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար դիմել է նույն ամբիոնի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը, իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար դիմել են 3 թեկնածուներ՝ նույն ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Գեղեցիկ Գրիգորյանը, ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ի.գ.թ., դոցենտ Լյուբա Մեհրաբյանը և կրկին նույն ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Նազելի Սուքիասյանը: Ամբիոնների վարիչների թեկնածուները հանդես եկան ծրագրային ելույթներով՝ ներկայացնելով ամբիոնի զարգացման իրենց տեսլականը, ծրագրերը և մոտեցումները:
Այնուհետև Արամ Սարգսյանը ներկայացրեց դեկանների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին դիմած թեկնածուներին՝ նշելով, որ կառավարման ֆակուլտետում առաջադրվել է դեկանի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Մանուկ Մովսիսյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում՝ դեկանի պաշտոնակատար, տ.գ.դ. դոցենտ Թաթուլ Մկրտչյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում՝ դեկանի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում՝ դեկանի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Սոս Խաչիկյանը: Գիտխորհուրդը որոշեց՝ քանի որ դեկանների ծրագրերը լսվել և հաստատվել էին ֆակուլտետային խորհուրդներում, գիտխորհրդում կրկնակի չլսել: Մրցութային հանձնաժողովի նախագահը հայտարարեց նաև, որ դոցենտի գիտական կոչում ստանալու համար դիմել է բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ Վերգինե Սախկալյանը:
Փակ, գաղտնի քվեարկությամբ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ ընտրվեց Կարեն Գրիգորյանը, կառավարման ֆակուլտետի դեկան ընտրվեց Մանուկ Մովսիսյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում՝ Թաթուլ Մկրտչյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում՝ Մերի Բադալյանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում՝ Սոս Խաչիկյանը: Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի ընտրությունը անցավ երկրորդ փուլ, որտեղ թեկնածուներ էին Լյուբա Մեհրաբյանը և Նազելի Սուքիասյանը: Երկրորդ փուլի փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ևս  որևէ թեկնածու չընտրվեց, քանի որ թեկնածուներից ոչ ոք չստացավ գիտխորհրդի անդամների պարզ մեծամասնության ձայները: Կհայտարարվի նոր մրցույթ:
Գիտխորհրդի անդամները բաց քվեարկությամբ հաստատեցին ընտրությունների արդյունքները:
Ջերմորեն շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում արգասաբեր աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին