Գիտելիք, փորձ, հմտություն. կայացավ «Crosskill» միջբուհական աշխատաժողովը
Նոյեմբերի 24-25-ին ՀՊՏՀ-ում տեղի է ունեցել ուսանողական խորհրդի նախաձեռնած «Crosskill» («Հմտությունների խաչմերուկ») միջբուհական ուսանողական աշխատաժողովը, որին մասնակից են եղել ՀՀ պետական և ոչ պետական 10 բուհերի 50 ուսանողներ (այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Հայկական պետական մանկավարժական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայաստանում Ֆրանսիական, Արցախի պետական համալսարաններից):
Աշխատաժողովում բացման խոսք է ասել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, մասնակիցներին ողջունել ու միջոցառմանը հաջող ընթացք են մաղթել ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը և ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Սոնա Ոսկանյանը: Այնուհետև սկսվել են ուշագրավ բանախոսությունները, որոնք հագեցած են եղել գործնական աշխատանքներով, խաղերով, քննարկումներով ու հարցուպատասխանով:
Առաջին հյուրը հաղորդակցական հմտությունների մասնագետ, թրեյներ Արտակ Ալոյանն էր, ով ուսանողների համար լուսաբանել է «Միջանձնային հաղորդակցություն. կիրառելի հմտություններ և կարողություններ» թեման: Նա խորհուրդներ է տվել՝ ինչպես ներկայանալի լինել ու տպավորել, կարողանալ դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից: Աշխատանքային առաջին օրը շարունակվել է «Ուզո՞ւմ ես լինել մրցունակ մասնագետ» բանախոսությամբ, որը վարել է մարդկային կապիտալի կառավարման մասնագետ Գայանե Գրիգորյանը:
«Եվս մի քանի հարյուրամյակ կամ, ով գիտի, գուցե և տասնամյակ, և հասարակությունը կբաժանվի 2 խմբի․ մարդիկ, ովքեր կառավարում են ռոբոտներին, և մարդիկ, ում կառավարում են ռոբոտները։ Աշխատեք մասնագիտանալ այնպիսի աշխատանքներում, որ հաջողվի լինել առաջին խմբում»,-սա է եղել մասնագետի գլխավոր հորդորը ուսանողներին:
Հաջորդ թեման՝ «EQ-ն՝ հաջողության ճանապարհին» մատուցել է «Slice consulting» ընկերության համահիմնադիր Նանե Մաթևոսյանը: Նա ուսանողներին օգնել է հասկանալ՝ որն է IQ-ի և EQ-ի տարբերությունը, ինչպես ազատվել բարդույթներից և վախերից, ինչպես սեփական անձը ենթարկել SWOT վերլուծության:
Առաջին օրն ամփոփվել է «In motion» ինտերակտիվ թիմային խաղով: Երկու փուլից բաղկացած խաղում թիմերը ստեղծել են կազմակերպություններ և սահմանել դրանցում առկա թափուր հաստիքներ, իսկ մյուս թիմի անդամները, որոնք ունեն համապատասխան որակավորումներ, դիմել են «գործատուին»՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները, այնուհետև ներկայանալով հարցազրույցի:
Հաջորդ օրվա հյուրերն են եղել Լարիանա Նազարյանը՝ «Դադարի՛ր հետաձգել», Հագոպ Մակդիսը՝ «Մտքերի արդյունավետ փոխանակում», լրագրող, Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանը՝ «Տարբերակներից լավագույնը» բանախոսություններով:
Առաջին թեմայի շրջանակում խոսվել է «հետո կանեմ» արտահայտությունից ազատվելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու, «պրոկրաստինացիա» տերմինի և դրա հետ կապված բոլոր ներանձնային բարդույթների մասին: Հաջորդ բանախոսը բացահայտել է մարմնի լեզուն՝ ժեստեր, դեմքի միկրոարտահայտություններ, վերջույթների շարժումներ, «Eye contact» և այլն։ Հաղորդակցման հմտությունները, ճիշտ կեցվածքը, անձնական տարածքի պահպանման սկզբունքը, մի քիչ էլ մարմնի լեզվի կիրառումը կարևորվել է բիզնեսում հաջող բանակցություններ վարելու համար:
Աշխատաժողովն ամփոփող՝ Լիլիթ Թումանյանի «Տարբերակներից լավագույնը» ելույթը նվիրված էր քննական մտածելակերպի զարգացմանը: Նա կոչ է արել ստուգել տեղեկատվության սկզբնաղբյուրը, տարբերել փաստը ընկալումից:
«Նպատակ, խնդիրներ, մեթոդներ, միջոցներ․ այս 4 տարրերից բաղկացած համակարգն է միայն արդյունավետ գործում, ուստի փորձեք կիրառել այն առօրյա կյանքում էլ և սրա վերլուծությամբ ստուգել ձեզ հասած տեղեկատվության հավաստիությունը», - խորհուրդ է տվել Լիլիթ Թումանյանը։
«CrosSkill» միջբուհական ուսանողական աշխատաժողովի ընթացքում ցուցաբերած ակտիվության, ծավալված քննարկումներին ակտիվ մասնակցության համար վաստակած և «In motion» խաղի արդյունքում կուտակած միավորներով աշխատաժողովի 3 մասնակիցներ՝ Սիլվա Հակոբյանը (ՀՊՏՀ), Խորեն Իսպիրյանը (ՀՊՏՀ) և Իննա Չուխաջյանը (ԵՊՀ) պարգևատրվել են անակնալ նվերներով: Մասնակցության հավաստագրեր են ստացել բոլորը:
Ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջում ներկայացված սույն տեղեկատվության շուրջ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրույցի է հրավիրել ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Սոնա Ոսկանյանին՝ որպես կազմակերպիչ աշխատաժողովն ամփոփելու, գնահատելու համար:
«Նախորդ տարիների համեմատ, այս աշխատաժողովը տարբերվեց նրանով, որ ավելի ուսանողակենտրոն ու գործնական էր: Կային մասնակիցներ, որոնք էլի էին մասնակցել մեր աշխատաժողովներին և այս անգամ ավելի անկաշկանդ, ակտիվ էին, այսպես ասած արդեն փորձառու էին: Աշխատաժողովի առանցքում ուսանողների՝ ապագա մասնագետների անձնային որակների բարելավումն էր»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Հանձնաժողովի նախագահի հետ մեր զրույցի մանրամասները տեղ կգտնեն «Տնտեսագետ» ամսագրի առաջիկա համարում:
Լուսանկարները՝ ՈւԽ-ից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին