ՀՊՏՀ պատմության մեջ Ժան Մոնե մոդուլն առաջին անգամ է դասավանդվում. հարցազրույց Ալբերտ Հայրապետյանի հետ

Դիտումների քանակ՝ 2525

2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում Ժան Մոնե մոդուլի շրջանակում ՀՊՏՀ միջազգային տնտեսագիտության մագիստրոսական ծրագրում ներդրվել է ԵՄ տնտեսությանը, քաղաքականությանը և վարչարարությանը վերաբերող 3 նոր դասընթաց՝ 3 տարի ժամկետով: Այն դասավանդող, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը նոր դասընթացի շուրջ հարցազրույց է տվել asue.am-ին:

-Պարոն Հայրապետյան, մոդուլի ներդրման արդյունքում դասավանդվում են «ԵՄ ինստիտուտներ և որոշումների կայացման մեխանիզմներ», «Եվրոպական տնտեսական ինտեգրացիա», «Եվրամիությունը և աշխարհը» նոր առարկաները, ի՞նչ գիտելիք ու հմտություններ կստանան ուսանողները:

- Վերոնշյալ առարկաները նախատեսված են մեր ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսերի համար և նպատակը Եվրամիության վերաբերյալ խորը գիտելիքներ հաղորդելն է: Մասնավորապես, այս կիսամյակ դասավանդվում է «ԵՄ ինստիտուտներ և որոշումների կայացման մեխանիզմներ» առարկան, 2-րդ կիսամյակում կդասավանդվեն «Եվրոպական տնտեսական ինտեգրացիա», «Եվրամիությունը և աշխարհը» առարկաները:

Ինտեգրացիոն գործընթացները տեղի են ունենում գրեթե բոլոր տարածաշրջաններում, և մեր տարածաշրջանն էլ բացառություն չէ: Հաշվի առնելով, որ այդ գործընթացներում շատ բաներ փոխառված են Եվրամիության փորձից, դրանց առնչվող գրականությունը ԵՄ-ակենտրոն է, անհրաժեշտություն է առաջանում ծանոթ լինել ԵՄ առանձնահատկություններին, ճանաչել այն քաղաքական, տնտեսական, իրավական և այլ տեսանկյուններից: Այս դասընթացը ուսանողին կտա ԵՄ մասին համապարփակ գիտելիք, այնուամենայնիվ, շեշտը կդրվի տնտեսական ասպեկտի վրա:

-Ո՞վքեր են դասավանդելու և ի՞նչ նոր մոտեցումներով:

-Դասավանդելու են մեր ամբիոնի պրոֆեսորներ տիկին Զոյա Թադևոսյանը, Դիանա Գալոյանը և ես: Մենք համատեղ ենք մշակել դասընթացը և շահել դրամաշնորհը: Դասավանդման մեջ նոր մոտեցումն է այն, որ նույն առարկան, նույն կուրսում և նույն ժամանակահատվածում կարդալու են 3 դասախոսներ: Ուսուցումը ուսանողակենտրոն է լինելու, եվրոպական կրթական չափորոշիչներին համապատասխան: Դասընթացները հատուկ հրավերով կվարեն նաև փորձառու բանախոսներ՝ ԵՄ գործունեության հետ առնչվող պաշտոնատար անձինք, կլինեն կլոր սեղաններ, մոդել-համաժողովներ, արտագնա դասեր և այլն, որոնք կզարգացնեն մագիստրանտների գիտելիքները, բանակցային, վերլուծական հմտությունները:

-Մոդուլը, բացի կրթականից, ունի նաև հետազոտական բաղադրիչ: Ի՞նչ է նախատեսվում այս ուղղությամբ:

-Այո, հետազոտական բաղադրիչի շրջանակում մոդուլը դասավանդող դասախոսներս ԵՄ-ի վերաբերյալ մեր կատարած համակողմանի ուսումնասիրությունները կամփոփենք ուսումնական ձեռնարկում. ի դեպ, ԵՄ-ի մասին համապարփակ հայալեզու ձեռնարկ, որպես այդպիսին, չկա, և մեր հեղինակած գիրքը բացառիկ կլինի:

Քանի որ մոդուլը դասավանդվում է մագիստրատուրայում, որտեղ գիտահետազոտական բաղադրիչն է գերակա, այս կամ այն չափով եվրոպագիտական հետազոտություններ կկատարեն նաև ուսանողները:

վերջո, ի՞նչ առավելություն կունենա մոդուլի առարկաներն անցած ուսանողը: Ըստ Ձեզ՝ դա իրենց ավելի մրցունա՞կ կդարձնի աշխատաշուկայում:

-Միանշանակ, մրցունակ կդարձնի ոչ միայն հայաստանյան աշխատաշուկայում, այլև միջազգային: Տիրապետելով որոշակի գիտելիքների՝ մեր շրջանավարտները ավելի շատ հնարավորություն կունենան մասնագիտական աշխատանքի անցնելու ԵՄ-ի հետ առնչվող կառույցներում: Ավելին, ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Արևելյան գործընկերության մնացյալ երկրների քաղաքացիները, հնարավորություն ունեն վճարովի փորձառություն անցնելու ԵՄ ինստիտուտներում: Այս առումով մեր ուսանողները, կարծում եմ, ունեն մրցակցային առավելություն: Ի դեպ, ԵՄ կառույցներում կարիերայի հնարավորությունների վերաբերյալ հրավիրյալ բանախոսի մասնակցությամբ վերջերս ունեցանք բաց դաս:

-Արդեն մի քանի ամիս է՝ մոդուլը ներդրվել է, ինչպիսի՞ն է ուսանողների արձագանքը նոր առարկայի կապակցությամբ:

-Մեր մագիստրանտները՝ միջազգայնագետ-տնտեսագետները, խանդավառված են, առարկայի հանդեպ ցուցաբերում են մեծ հետաքրքրություն: Լիահույս ենք, որ վերջնարդյունքը գոհացնող կլինի:

-Պարոն Հայրապետյան, մաղթում ենք, որ մոդուլով նախատեսվող բոլոր ուղղություններով ՀՊՏՀ կատարած աշխատանքը բեղմնավոր լինի:

-Շնորհակալ եմ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին