ՀՊՏՀ գիտնականների հոդվածը՝ Ռոստովում կայացած միջազգային գիտագործնական համաժողովում. մասնակցել է Նարեկ Կեսոյանը

Դիտումների քանակ՝ 2002

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի ժ/պ, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Նարեկ Կեսոյանի և դեկանի տեղակալ, միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., Արա Մկրտչյանի համահեղինակած «ԵԱՏՄ ազդեցությունը ՀՀ արտաքին առևտրի վրա» զեկուցումը ներկայացվել է միջազգային գիտագործնական համաժողովում: Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Համաշխարհային տնտեսության ժամանակակից ճարտարապետությունը. 4 (նորարարություն, արդյունաբերություն, ներդրումներ, ինտեգրացիա)» խորագրով միջազգային գիտաժողովը, որին համալսարանի հրավերով ներկա է եղել Նարեկ Կեսոյանը: Նա հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ միջազգային գիտաժողովները միջպետական ու միջբուհական համագործակցությունն ամրապնդող, կարևոր տնտեսական խնդիրներ վերհանող միջոցառումներ են:

asue.am-ի հետ զրույցում Նարեկ Կեսոյանն ասաց, որ իրենց հոդվածում լուսաբանվել են ՀՀ արտաքին առևտրի շարժընթացները՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ և հետո, կատարվել է համեմատական վերլուծություն, ուրվագծվել են ԵԱՏՄ շրջանակում ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները:

«Համաժողովում արդյունավետ քննարկումներ ունեցանք ժամանակակից տնտեսության մի շարք հարցերի շուրջ, առանցքում էին 4 բաղադրիչ՝ ինտեգրացիան, արդյունաբերությունը, նորարարությունը, ներդրումները, ծանոթացանք հետխորհրդային և այլ երկրների տնտեսության ներկա վիճակին, խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև ձեռք բերեցինք նախնական պայմանավորվածություններ՝ մասնակից համալսարանների գիտնականների հետ հոդվածներ համահեղինակելու և միջազգային ամսագրերում տպագրության ներկայացնելու, փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղություններով»,-ասաց Նարեկ Կեսոյանը՝ առանձնահատուկ կարևորելով համագործակցության հուշագրի շրջանակում ՀՊՏՀ և Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի բազմամյա գիտական գործակցությունը:

ՀՊՏՀ ներկայացուցիչը ստացել է մասնակցության հավաստագիր:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին