ՀՊՏՀ-ում էր ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Գարի Վանլենդինգհեմը

06.05.2022
Դիտումների քանակ՝ 1464

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր հյուրընկալեց պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի Հանրային կառավարման ծրագրի տնօրեն Գարի Վանլենդինգհեմին, որը Տնտեսագիտական համալսարան էր այցելել ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Հայկ Բեջանյանի հրավերով։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը։

Ռեկտորը ներկայացրեց ՀՊՏՀ ուսումնագիտական գործունեությունը, այդ թվում՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այն աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների 100-յակում է, անդրադարձավ միջազգայնացմանը՝ նշելով, որ այն բուհի գործունեության գլխավոր ուղղություններից է։ Լուսինե Դանիելյանը ներկայացրեց ՀՊՏՀ-ի կողմից իրականացվող այն միջազգային ծրագրերը, որոնց աշխատանքներում կարող է ներգրավվել նաև պրոֆեսորը։

Գարի Վանլենդինգհեմը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց Ֆլորիդայի համալսարանն ու կրթական ծրագրերը՝ ընդգծելով միջազգայնացման ուղղությամբ բուհի նշանակալի ձեռքբերումները և իր անձնական պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՊՏՀ-ի հետ գործակցությանը։

Հանդիպման ավարտին պրոֆեսորը «Ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակում. մոտեցումներ և հնարավորություններ (Evidence-Informed Policymaking – approaches and opportunities)» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ ուսանողների համար։ Պրոֆեսորը դասախոսությունից հետո գոհունակությամբ նշել է, որ տպավորված է ուսանողների հետ հանդիպումից։ Այնուհետև Գարի Վանլենդինգհեմը այցելեց «Ամբերդ» հետազոտական կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի հետ քննարկեց համագործակցության հնարավորությունները։

Հավելենք, որ պրոֆեսորը Հայաստան է ժամանել «Կատարողականի հաշվեքննության զարգացումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Professional Fellowship program ծրագրով, ԱՄՆ պետքարտուղարության և Ամերիկյան խորհուրդների գրասենյակի աջակցությամբ։