Եվրամիության մասին՝ գերմաներենով. բաց դասը մեկտեղել էր գերմանախոսներին

Դիտումների քանակ՝ 3772

Եվրոպական գործընկերության, այս համատեքստում Հայաստանի տնտեսության ու հասարակության զարգացման հեռանկարների մասին՝ գերմաներենով. լեզուների ամբիոնի դասախոս Սոնա Թաբաղյանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած «Եվրամիություն» խորագրով գերմաներենի բաց դասը մեկտեղել էր ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լուսինե Հարությունյանին, համալսարանի օտար լեզվի դասախոսներին, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանին, DAAD երևանյան գրասենյակի ղեկավար Մերի Նավասարդյանին, Լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի, Մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական ամբիոնի դասախոսներին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչների, գերմանախոսների:

Դասի բանախոսները ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսեցիներն էին, որոնք ԵՄ լույսի ներքո դիտարկեցին զարգացող Հայաստանի առաջընթացի ճանապարհը, անդամ երկրների համագործակցությունը: Զեկուցողներն էին ուսանողներ Սյուզաննա Լալազարյանը, Արփի Երիցյանը, Տաթևիկ Սուքիասյանը, Ռոզա Յախանյանը, Սյուզաննա Սանամյանը, Անահիտ Աղաքարյանը, Լիլիթ Ղազարյանը, Եվա Խաչատրյանը, Բաբկեն Ամիրյանը և Դավիթ Ղուկասյանը:

Թեման առաջադրել էր դասախոս Սոնա Թաբաղյանը, ուսանողներն էլ, գործի դնելով իրենց լեզվիմացությունը, պրպտել էին գերմանական աղբյուրներ, հավաքագրել ուշագրավ ու օգտակար տեղեկատվություն, որն էլ սահուն ներկայացրեցին լսարանին:

Մեզ հետ զրույցում ուսանողուհի, գերմաներենով ճկուն հաղորդակցվող Ռոզա Յախանյանն ասաց, որ գերմաներեն է ուսումնասիրում դպրոցական տարիներից սկսած և վստահ է՝ լեզվի իմացությունն իր առջև նոր դռներ կբացի, մասնավորապես, մեծ ցանկություն կա Գերմանիայում ուսումը շարունակելու:

Սոնա Թաբաղյանը, ամփոփելով բաց դասը, ընդգծեց, որ այն ոչ միայն ուսանողների գիտելիքներն ամփոփող միջոցառում էր, այլև միջբուհական հանդիպում, համագործակցություն գերմաներեն հաղորդակցվող, լեզվին տիրապետողների հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին