Լույս է տեսել «Տնտեսագետի» գարնանային համարը

Դիտումների քանակ՝ 1107

Բարենորոգման, ձեռքբերումների, ուսումնական գործընթացում նոր հեռանկարների կերտման, հիմնախնդիրների ու մարտահրավերների մասին է նոր թողարկումը: Կանանց տոների առթիվ այս համարում մեր կին գործընկերներին, կին տնտեսագետներին, հայ գիտնական կանանց գովերգող ու ներկայացնող նյութեր են, ինչպես նաև՝ նրանց հեղինակած հոդվածները: Տեսադաշտում են նաև համապետական և ազգային տոներն ու իրադարձությունները:

Եվ այսպես՝ հաստատվել է համալսարանի նոր կառուցվածքը: Այս մասին է պատմում ամսագրի առաջին էջը, որում լուսաբանվում է ՀՊՏՀ խորհրդի նիստը: Այնուհետև ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանի հետ հարցազրույցն է, խորհրդի գործունեության, ծրագրերի ու բուհի նոր ձեռքբերումների վերաբերյալ:

Թե ինչպես ընթացավ feedback ուսանողական աշխատաժողովը. այս մասին պատմվում է հաջորդիվ:

Ավանդական «Լսարանային հարցում» խորագիրը փորձում է պարզել ՀՊՏՀ ուսանողների տեղեկացվածությունը, ներգրավվածությունը համալսարանի բարեփոխումների գործընթացում: Հարցման արդյունքների փորձագիտական վերլուծությունը կատարում է վիճակագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Արմեն Քթոյանը:

Միացյալ Հայաստանի հռչակագրի 100-ամյակին նվիրված հոդվածով փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Արարատ Հակոբյանը կոչ է անում հիշել և պահանջատեր լինել, կենսարթուն պահել Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը:

Հաջորդ անդրադարձում Հայաստանում տնտեսական հեղափոխության հիմքերն ու հնարավոր ճանապարհներն են քննարկում ու առաջադրում ուսանողները:

Համագործակցություն է կնքվել IDeA հիմնադրամի հետ, այն նոր որակակական աստիճանի կբարձրացնի համալսարանի գործունեությունը և նոր հեռանկարներ կբացի:

Կոմիտասի 150-ամյա հոբելյանին է նվիրվում ուսանողուհի Հեղինե Հախնազարյանի «Հայ երգի փրկիչն ու առաքյալը» անդրադարձը:

Տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Սամվել Գրիգորյանը «Տնտեսական խճանկարում» անդրադառնում է տնտեսական կարևորագույն նորություններին:

«Կատակում են մեծերը» խորագրի ներքո «Տնտեսագետի» հիմնադիր-խմբագիր Ռաֆայել Երվանդյանի հավաքած և ամբողջացրած, արվեստի ու գիտության մեծերի կյանքից զվարճալի պատառիկներ են:

Մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Գրիշա Ամիրխանյանն անդրադառնում է ստարտափների ստեղծմանն ու բնութագրին:

Մեր երգող հերոսուհիներն են կառավարման ամբիոնի ասիստենտ Աննա Հարությունյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի աշխատակից Հերմինե Սարգսյանը:

Բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող և փայլուն հեռանկարներ խոստացող երկու ուսանողների՝ Անդրանիկ Սարգսյանի և Գագիկ Հակոբյանի դիմանկարն ենք ներկայացնում ձեր ուշադրությանը:

Լուսաբանվում են գիտական խորհրդի երկու նիստերը, որոնցում ուսումնական գործընթացի կարևոր շեշտադրումներ են:

«Վարքուբարք» խորագրում հանդես է գալիս ուսանողուհի Ալմարա Բախշյանը:

Անդրադարձ կա նաև 13 կանանց, որոնք ծանրակշիռ խոսք են ասել և վերափոխել են տնտեսագիտության ոլորտը:

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով մեծ բանաստեղծի մասին են մտորում Աքսենյա Վարդանյանը և Մելինե Աբրահամյանը:

Ասպիրանտ Աստղիկ Հովհաննիսյանը «Երբ խոսում են թվերը…» խորագրում վերլուծում է գիտության մեջ հայ կանանց դերակատարությունը:

«Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված ամփոփում է համալսարանի կարևոր իրադարձությունները:

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը տոնում է իր ստեղծման 25-րդ տարեդարձը: Այս համարում մեր տեսադաշտում է այդ առթիվ անցկացված «ՀՊՏՀ խաղեր – 2019» մարզամշակութային գարնանային փառատոնը, ուսանողական այլ միջոցառումներ:

Ներկայացված է ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեր բուհում կայացած վերապատրաստման շաբաթը, ապա և՝ ծրագրի ընթացքը երկամսյա կտրվածքով:

«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Սոֆյա Օհանյանը ներկայացնում է Դմիտրի Նալբանդյանի ստեղծագործական ճանապարհն ու «Վերնատուն» կտավը:

«Տնտեսագետի» 2019 թ. մարտ-ապրիլյան համարի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Ամսագիրն արդեն առաքվել է ֆակուլտետներ, ամբիոններ, վարչական ստորաբաժանումներ: Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:

Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝ հետևյալ հղումով:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին