«Էստաֆետը հանձնում եմ քեզ՝ լավագույն համալսարանի ապագա′ ֆինանսիստ». ՀՊՏՀ շրջանավարտ Անի Եղոյան

Դիտումների քանակ՝ 2311

Սիրելի′  դիմորդ, դու կանգնած ես կյանքի կարևորագույն փուլի շեմին և այսօրվա ընտրությունդ վաղվա համար վճռորոշ է լինելու: «Արդյո՞ք ճիշտ բուհ և մասնագիտություն ես ընտրել և արդյո՞ք ընտրությունդ կարող է քեզ հաջողակ կարիերա խոստանալ». քո մտքում հարցեր են, որոնց պատասխանները լիարժեք կստանաս միայն սովորելուդ տարիներին, և եթե ընտրել ես ՀՊՏՀ-ն, վստահ եղիր, որ լավագույնս արդարացվելու է որոշումդ: Իսկ այսօր հնարավորություն ունես ծանոթանալու մեր փայլուն շրջանավարտների հաջողության պատմություններին, շրջանավարտների, որոնց միավորում է սերը բուհի և ուսման հանդեպ: asue.am-ի «Շրջանավարտը` դիմորդին» խորագիրը ասպարեզ է բերում նորավարտ առաջավոր ՀՊՏՀ-կաններին, որոնք իրենց խոսքն են հղում քեզ` վերահաստատելով, որ չես սխալվել Տնտեսագիտական մայր համալսարանի ընտրության հարցում: Նրանց հաջողությունները կապվում են ՀՊՏՀ-ի հետ և պատասխանատու ընտրությանդ պահին կարող են ոգեշնչել ու մոտիվացնել քեզ, դառնալ քո իսկ հաջողության նորածիլերը: Ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի գերազանցիկ շրջանավարտ, անվանական կրթաթոշակակիր Անի Եղոյանի   ուղերձը`   ստորև:

«Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը ճիշտ մասնագիտության ընտրությունն է: Այս հարցում յուրաքանչյուրիս մոտեցումը յուրովի է, բայց, անշուշտ, բոլորս էլ ունենք շարժառիթ, որը մեզ ուղղորդում է դեպի մասնագիտական այս կամ այն ճանապարհը: Չորս տարի առաջ, ճիշտ է, հստակ որոշել էի դառնալ ֆինանսիստ, բայց թե ով է ֆինանսիստը և ինչպիսին է ֆինանսական աշխարհը, գիտեի միայն գրքերի և ֆիլմերի նկարագրությամբ: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ առաջին իսկ դասից հասկացա, որ մասնագիտությանս ընտրությունն ավելի քան ճիշտ էր: Պարբերաբար դասախոսներից լսում էի «արժեթղթերի շուկա» արտահայտությունը, թեև, գրեթե չէի հասկանում, թե ինչ է արժեթուղթը: Եվ մի նախադասություն կար, որն անընդհատ պտտվում էր մտքումս. «արժեթղթերի շուկան ՀՀ-ում թերզարգացած է»: Մի օր այդ նույն նախադասությունն ասացի իմ շատ սիրելի դասախոսներից մեկին, ով արժեթղթերի ոլորտի լավագույն մասնագետներից է, և ում պատասխանն ինձ հեղափոխեց: Այդ նախադասությունն արտաբերեցի առաջին և վերջին անգամ: Եռանդով և սովորելու մեծ ցանկությամբ սկսեցի ուսումնասիրել արժեթղթերի շուկան: Օր օրի նոր բացահայտումներ, հսկայածավալ տեղեկատվություն, անհասկանալի տերմիններ և ոլորտում առաջին քայլերն անող մի ուսանող… Արդյունքում, գտա վերոնշյալ հարցի պատասխանը՝ եթե ոլորտը թերզարգացած է, ուրեմն, կան շատ անելիքներ: Մենք հաճախ ձգտում ենք լինել այնտեղ, որտեղ ամեն բան կատարյալ է, բայց չենք գիտակցում, որ այդտեղ անելիքներն են քիչ»,-ասում է Անին և համոզմունք հայտնում, որ համառությունն ու աշխատասիրությունը, սովորելու մեծ ձգտումը քեզ կհանձնեն ապագայի հաջողության ոսկե բանալին: «Սիրելի՛ դիմորդ, դու հիմա կանգնած ես կարևոր ճանապարհի սկզբնակետում և դու ես որոշելու քո ուղղությունը: Երբեք հե′տ չկանգնես ընտրածդ ճանապարհի կեսից, անգամ, եթե ոչ ոք չհավատա, որ կանցնես ճանապարհդ մինչև վերջ: Ցանկացած պարագայում ունեցի′ր կարծիք և հիմնավորի′ր այն սեփական փորձով:Չորս տարի անց հեռանում եմ իմ սիրելի բուհից և շատ սիրելի ֆակուլտետից՝ ինձ հետ տանելով ոչ միայն արժեքավոր գիտելիքներ և հմտություններ, այլ նաև ջերմ և անփոխարինելի հուշեր:

Էստաֆետը հանձնում եմ քեզ՝ լավագույն համալսարանի ապագա′ ֆինանսիստ…օրինակելի′ եղիր»:  Շարունակելի…

Հ.Գ. Սիրելի′ դիմորդ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ  ֆակուլտետների շրջանավարտների` քեզ ուղղված խոսքը տե′ս ակտիվ հղումներով: Առաջիկայում իրենց խոսքը կհղեն նաև մյուս 3` կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների շրջանավարտները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին