«Նորարարությունների ոլորտը ձեր կարիքն ունի». «Business Development Advisors» ընկերության ղեկավարը ուսանողների հյուրն էր

Դիտումների քանակ՝ 1262

Տնտեսագիտական մայր բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Կայացած կանայք ՀՊՏՀ-ում» խորագրով միջոցառումների շրջանակում այսօր մի յուրատեսակ ու ոգևորիչ հանդիպում-զրույց կայացավ «Business Development Advisors» ընկերության ղեկավար Ամալյա Եղոյանի հետ: Երիտասարդ ու ղեկավարման 9 տարվա փորձ ունեցող կին գործարարը ուսանողներին պատմեց ինքնազարգացման, ինքնակայացման խոչընդոտներով լի ճանապարհը պատվով հաղթահարելու, չընկրկելու, նպատակասլաց ու հետևողական, ստեղծարար լինելու մասին: Հաջողակ կնոջ պատմությունն սկսվում է Գյումրուց՝ աղետի հետևանքով ստեղծված ծանր ու դժվարին մի շրջանից, երբ աշխատելու, զարգանալու ոչ բարենպաստ պայմաններ էին, սակայն, ինչպես պատմեց Ամալյան, մոտիվացիան ու ձգտումը հաղթեցին դժվարությանը:

«Գյումրիում ստեղծված ծանր վիճակը մեզ՝ նորավարտ մասնագետներիս դարձրեց ավելի հայրենասեր, ավելի նպատակասլաց ու համառ», -ասաց Ամալյան և ընդգծեց, որ փոքր ընկերությունում աշխատելն օգնել է իրեն զարգացրել հատկանիշներ ու ձեռներեց մտածողություն, որոնք էլ հետագայում պիտի սկիզբ դառնային նոր նպատակներ ու գաղափարներ իրագործելու: Մասնագիտությամբ լեզվաբան Ամալյա Եղոյանի հետաքրքրությունները բազմազան են, հիմնականում՝ նորարար, բարձր տեխնոլոգիաների ոլորտ ու հաղորդակցություն (PR, HR, մարքեթինգ): ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն... աշխատանքային բոլոր ոլորտներում էլ նա դրսևորել է պատասխանատվություն, սեփական երկրին իր նպաստը բերելու տրամադրվածություն ու թիմային և անձնական աճ արձանագրելու ձգտում: «Հավատացած եղեք՝ մեկ մարդու ջանքերը կարող են բերել մեծ ու դրական փոփոխությունների»,-սա ամփոփումն էր այն մտքի, որ անհատի բարձր մտածողությունից, տեսակից է սկսվում ամեն հաջողություն:

Լսարանին առանձնակի հետաքրքրեց բանախոսի ելույթի այն հատվածը, որում խոսվում էր նորարարությունների ոլորտի հեռանկարների, հաղորդակցության մասնագետների մեծ պահանջարկի, գրավիչ աշխատանքային պայմանների մասին:

«Նորարարության ոլորտն ավելի շատ PR մասնագետների ու շուկայագետների կարիք ունի, քան ծրագրավորողների: Պետք է ոլորտը գրագետ ներկայացնող, հաղորդակցություն ստեղծող մարդիկ լինեն: Հետևաբար, մի´ սահմանափակվեք միայն բանկեր, ֆինանսական կազմակերպություններ դիմելով»,-երիտասարդներին հորդորեց Ամալյա Եղոյանը:

Հավելենք, որ «Business Development Advisors» ընկերության ղեկավարը նախատեսում է ապրիլին ՀՊՏՀ-ում հանդես գալ մեծ միջոցառմամբ, որտեղ ուսանողներին ավելի մանրամասն կներկայացնի ձեռներեցությամբ զբաղվելու, ստարտափներ հիմնելու առանձնահատկությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին