Բարձրացնելով արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունը. ուսումնավարժանք ՀՊՏՀ քոլեջում

Դիտումների քանակ՝ 2199

«Փրկարարական խմբի աշխատանքային իրականացումը հակառակորդի օդային հարձակման հետևանքով առաջացած փլուզումների ժամանակ» խորագրի ներքո ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ողջ կազմը՝ դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողները այսօր մասնակից եղան հատուկ տակտիկական ուսումնավարժության: Միջոցառման հյուրերն էին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, ամբիոնի դասախոսներ, Երևանի փրկարարական վարչության Ավանի բաժնի ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, որպես դիտորդներ՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներ:

Ուսումնավարժանքը ղեկավարում էին քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քոլեջի ուսումնադաստիարակչական և կազմակերպչական աշխատանքների գծով փոխտնօրեն, քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) պետ Գոհար Բուլանիկյանը, ՔՊ շտաբի պետ, ճգնաժամային կառավարման մասնագետ Անի Տերտերյանը:

Ուսումնական վարժանքի սցենարը հետևյալն էր. Հայաստանի Հանրապետության վրա տեղի էր ունեցել օդային հարձակում, ինչի հետևանքով քոլեջում ևս եղել են ուժեղ ցնցումներ, առաջացել են փլուզումներ: Ուստի «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ քոլեջում իրականացվեց պատսպարում, հաջորդիվ՝ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո կազմակերպվեց դասախոսների, աշխատակիցների և ուսանողների տարհանումը: Հետախուզության արդյունքում պարզվեց, որ շենքում մնացել են տուժածներ. փրկարարական կազմավորումը հայտնաբերեց նրանց, իսկ առաջին բուժօգնության կազմավորումը նրանց ցուցաբերեց անհրաժեշտ աջակցություն: Պարզվեց՝ տուժածներն ուսանողներ էին, մեկը ոտքի բաց կոտրվածքով, մյուսները՝ գլխի և ձեռքի վնասվածքներով: Քոլեջի հոգեբաններն էլ հոգեբանական աջակցություն էին ցուցաբերում խուճապի մեջ գտնվողներին: Մասնագիտացված ծառայությունների ժամանումից հետո ուսումնավարժանքն ավարտվեց:

Միջոցառման երկրորդ հատվածում, Գոհար Բուլանիկյանի աշխատասենյակում, մասնագետները (այդ թվում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ներկայացուցիչները) վերլուծեցին արտակարգ իրավիճակներում քոլեջականների արագ կողմնորոշվելու, հավասարակշռված վարք դրսևորելու և գրագետ պաշտպանություն կազմակերպելու կարողությունը բարձրացնելուն միտված հատուկ տակտիկական ուսումնավարժանքի արդյունքները, վերհանեցին թերացումները և համապատասխան խորհուրդներ ներկայացրին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապեր բաժին