Ստեղծարար ձեռներեցության մտածողության զարգացմանը միտված եռօրյա դասընթաց Տնտեսագիտական համալսարանում

Դիտումների քանակ՝ 1576

Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացվող դրամաշնորհի շրջանակներում մարտի 22-24-ը ՀՊՏՀ-ում անցկացվել է «Ստեղծարար ձեռներեցություն» խորագրով եռօրյա դասընթաց, որը վարել են համապատասխան վերապատրաստում անցած դասախոսներ՝ կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցը և նույն ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Հարությունյանը (նրանց վերապատրաստել են բրիտանացի մասնագետները): ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին դասընթացի վերաբերյալ մանրամասներ հաղորդեց Սարգիս Ասատրյանցը:

«Ինտերակտիվ ձևաչափով անցկացված դասընթացը ուսանողների, սկսնակ ձեռներեցների համար հնարավորություն էր խորությամբ վերլուծելու ձեռնարկատիրական գործունեության խնդիրները, բարձրացնելու համապատասխան կարողությունները, ձևավորելու ստեղծարար մտածողություն: Նրանք «բիզնես կտավի» վրա տեղադրել են իրենց պատկերացումները, յուրացրել բիզնես գաղափարն ապրանքայնացնելու, իրացնելու մեթոդները: Բոլոր հանդիպումներն ուղեկցվել են քննարկումներով, մտքերի փոխանակությամբ, գործնական աշխատանքով, ուսուցումն իրականացվել է նորագույն եղանակներով, օժանդակ նյութերի կիրառմամբ»,-դասընթացն ամփոփ ներկայացրեց դոցենտը և ընդգծեց, որ ուսանողները ցուցաբերել են մեծ հետաքրքրություն:

Մասնակիցները ստացել են վկայականներ:

Դասընթացի արդյունքները կամփոփվեն այս ուսումնական տարվա ավարտին՝ բիզնես գաղափարների մրցույթով, որին մասնակցելու են տարբեր բուհերի ուսանողներ, և լավագույնները, որպես մրցանակ, կստանան Մեծ Բրիտանիայում կայանալիք վերոնշյալ ծրագրի ամփոփիչ համաժողովին մասնակցելու ուղեգիր:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-7-ը նույն դասընթացը կանցկացվի ՀՊՏՀ ուսանողների մեկ այլ խմբի համար. դիմորդներն ընտրվում են մոտիվացիան նամակի հիման վրա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին