ՀՊՏՀ ընդունելության գործընթացի մեկնարկը հուսադրող է. հարցազրույց պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանի հետ
Մայիսի 25-ից սկսվել է բուհերի ընդունելության գործընթացը: Այն այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակով, իրականացվում է առցանց: Թե ինչպիսի պատկեր է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, մեր հարցերին ի պատասխան պարզաբանում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը:
-Պարո'ն Նազարյան, մայիսի 25-ից սկսվել է ընդունելության գործընթացը, ինչպիսի՞ պատկեր է մեր համալսարանում, որքա՞ ն դիմորդ ունենք:
- 4.06.2020թ դրությամբ ունենք 662 դիմորդ: Ամենաշատ հայտագրված մասնագիտություններն են՝ ֆինանսներ, կառավարում, շուկայագիտություն, հաշվապահություն, տնտեսագիտություն: Ինչ վերաբերում է իրավիճակի գնահատականներին, եթե ցուցանիշները համադրենք նախորդ տարվա այս շրջանի հետ, ապա պատկերը համարում եմ բավականին հուսադրող, քանի որ նախորդ տարի այս օրերին ունինք 180 դիմորդ:
-Ինչպե՞ ս կբացատրեք դիմորդների կողմից մասնագիտությունների նախընտրությունը:
-Կարծում եմ, դիմորդների համար մասնագիտական կողմնորոշման գլխավոր ազդակը աշխատանք գտնելու հնարավորությունն է: Սակայն պետք է նշել, որ ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունները մրցունակ են և բավարարում են աշխատաշուկայի պահանջներին: Դրանք մշակվել և ներդրվել են բոլոր շահառուների կարիքների վերհանման արդյունքում: Հարկ է նշել, որ այս ուսումնական տարում արդեն ունենք բոլոր մասնագիտությունների կրթական ծրագրերով շրջանավարտներ, որոնց մի մասն ուսումնառությանը զուգահեռ վերջին կուրսերում սկսել է աշխատել:
-Այս տարի առցանց է կազմակերպվում նաև հայտագրման գործընթացը, ի՞նչ հարցեր են հուզում դիմորդներին, ինչպե՞ս է աշխատում դիմորդների հետ հանձնաժողովը:
-Այս տարվա ընդունելության առանձնահատկությունը առցանց հայտագրումն է, որը սակայն շատ արդյունավետ է, քանի որ հսկայական ժամանակ է տնտեսվում: Այս տարվա ընդունելության մյուս առանձնահատկությունն այն է, որ անվճար և վճարովի տեղերի հայտագրումը կատարվում է միաժամանակ: Մրցույթի ամփոփումից հետո մրցույթից դուրս մնացած դիմորդները հնարավորություն են ունենալու իրենց քննության արդյունքով մասնակցել թափուր տեղերի մրցույթին երկրորդ փուլով, որի հայտագրումը տեղի կունենա հուլիսի 20-22-ը. սա նույնպես այս տարվա առանձնահատկություններից է: Ինչ վերաբերում է հայտագրման դժվարություններին, ապա տարաբնույթ հարցադրումներ են կատարվում՝ սկսած դիմում հայտի լրացումից մինչև մասնագիտական կողmնորոշում, որոնց ընդունող հանձնաժողովը կապի տարբեր միջոցներով փորձում է պատասխանել: Անարձագանք որևէ հարցադրում չի մնում: Առաջիկայում էլ ավելի ենք ինտինսիվացնելու դիմորդների հետ տարվող աշխատանքը հետադարձ կապի միջոցով: Առաջիկա օրերին բոլոր դիմորդներն իրենց հայտերում նշված էլեկտրոնային հասցեներին կստանան պահանջվող փաստաթղթերի լուսապատճեների տրամադրման վերաբերյալ հաղորդագրություններ, որով խնդրելու ենք հնարավորինս սեղմ ժամկետում հետադարձ նամակով մեզ տրամադրել ընդունելության կանոններով սահմանված փաստաթղթերի լուսապատճեները:
-Որքա՞ն տեղ է հատկացված ՀՊՏՀ առկա բակլավրիատին:
-Այս տարի 1200 տեղ է հատկացված մեր բուհին, որից 63-ը՝ անվճար ուսուցման:
- Ինչպիսի՞ մրցույթ եք ակնկալում այս տարի:
-Տեսնելով հայտերի դինամիկան՝ կարծում եմ, որ որոշակի մասնագիտություների գծով մրցույթ կլինի: Այդուհանդերձ, դիմորդներին կոչ եմ անում հայտագրումից առաջ ևս մեկ անգամ ծանոթանալ մեր բուհի մասնագիտությունների մանրամասն նկարագրերին, որոնք պատշաճ ներկայացված են բուհի պաշտոնական կայքում:
-Առկա բակալավրիատի քննությունների մասին կխնդրեի խոսեիք:
-Հիշեցնեմ, որ միայն այս տարի մեր բուհի բոլոր մասնագիտությունների համար ընդունելության քննական միակ առարկան մաթեմատիկան է: Քննությունները կազմակերպում է Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), այս տարվա քննությունները կկազմակերպվեն հուլիսի առաջին տասնօրյակում:
- Դիմորդները շատ են հարցնում հեռակա կրթաձևի ընդունելության ժամկետների և պայմանների մասին, ի՞նչ կասեք:
-Հեռակայի ընդունելության գործընթացը թե’ բակլավրիատի և թե’ մագիստրատուրայի համար կազմակերպվում է օգոստոսի կեսից մինչև սեպտեմբերի 20-ը:
-Անդրադառնանք նաև առկա մագիստրատուրայի ընդունելությանը. այս առումով ի՞նչ է սպասվում:
- ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի դիմորդների գործերի ընդունումը կսկսվի հունիսի 16-ից, առցանց, մեր համալսարանի կայքի միջոցով: Այսինքն՝ գործընթացի կազմակերպման համար հատուկ պորտալ կբացվի: Այս տարվա առկա մագիստրատուրայի ընդունելության առանձնահատկությունն այն է, որ միաժամանակ կարող են դիմել և’ անվճար տեղերի հավակնորդները, այսինքն մեր բուհի բակալավրիատի շրջանավարտները, որոնց կուտակային ՄՈԳ-ը 17.01-ից բարձր է, և’ վճարովի ուսուցման համակարգի դիմորդները: Այստեղ ևս այս տարվա առանձնահատկությունն այն է, որ վճարովի տեղերի համար հայտագրումը կատարելու ենք երկու փուլով՝ հունիսի 16-30-ը ներառյալ և օգոստոսի 1-26-ը ներառյալ: Երկրորդ փուլի նպատակը այլ բուհերի շրջանավարտներին իրենց փաստաթղթերը պատրաստելու և ներկայացնելու հնարավորություն ընձեռելն է:
-Պարոն Նազարյան, շնորհակալ ենք զրույցի համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին