ՀՊՏՀ-ում կիրականացվի առաջին Ժան Մոնե ծրագիրը

Դիտումների քանակ՝ 1671

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում դիմել էր Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Ժան Մոնե ծրագրին և շահել: Արդյունքում ՀՊՏՀ-ն՝ ի դեմս ՄՏՀ ամբիոնի, 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակից կդասավանդի նշված մոդուլը: Այն ներառում է «ԵՄ ինստիտուտներ և որոշումների կայացման մեխանիզմներ», «Եվրոպական տնտեսական ինտեգրացիա», «Եվրամիությունը և աշխարհը» առարկաները։

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության մագիստրոսական ծրագրերը փոփոխվել են՝ ներառելով վերը նշված երեք առարկաների դասավանդումը: Ծրագրի հայտադիմումի մշակումն իրականացվել է ամբիոնի դասախոսներ տ․գ․դ․, պրոֆեսորներ Դիանա Գալոյանի և Զոյա Թադևոսյանի, տ․գ․թ․, ասիստենտ Ալբերտ Հայրապետյանի կողմից, ովքեր և կդասավանդեն նշված մոդուլի շրջանակում։ Հաջողված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ (էջ 6)։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի խոսքով՝ սա բացառիկ դեպք է՝ հաշվի առնելով, որ ՀՊՏՀ-ում առաջին Ժան Մոնե ծրագիրն է իրականացվելու։

Ծրագրի տևողությունը 3 տարի է։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի բուհի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր»  բաժնում։

Նախատեսվում է սույն թվականի հոկտեմբեր ամսին կատարել ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը՝ դեսպանների և բարձրաստիճան այլ հյուրերի մասնակցությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին