ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի և ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի համատեղ հայտարարությունը

Դիտումների քանակ՝ 3112

Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները ՀՀ-ում» գիտաժողովի ընթացքում կրթության և գիտության նախարարն իր վրդովմունքը հայտնեց առ այն, թե ինչու առաջատար տնտեսագիտական բուհի ղեկավարությունը չի հրավիրվել տնտեսության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողովին՝ առաջարկելով, որ հետագայում նման բացթողումները շտկվեն: Հարցին ի պատասխան՝ նշվեց, որ հրավերներ ուղարկվել են ոչ միայն պետական տնտեսագիտական, այլև ազգային ագրարային համալսարանների ռեկտորներին, սակայն արձագանք չեն ստացել: Պաշտոնապես հայտնում ենք, որ գիտաժողովին մասնակցելու որևէ հրավեր չենք ստացել: էական չէ, թե ինչ հրաշքով այդ «ուղարկված» հրավերները երկու դեպքում էլ տեղ չեն հասել. պատահում է: Սակայն էական է, որ համապետական նշանակություն ունեցող միջոցառումներ կազմակերպելիս, որին հրավիրվում են երկրի վարչապետը և նախարարներ, մեր հարգելի գործընկերներն առնվազն ճշտեն՝ իրենց նամակը տեղ հասել է, թե՝ ոչ: Բացի դրանից, նման կարևորության միջոցառման կազմակերպման համար սովորաբար օգտվում են կապի մի քանի միջոցներից, և ոչ թե առանց նախնական համաձայնության միայն թուղթ են «ուղարկում» և չեն հետևում դրա հետագա ճակատագրին: Այս ամենը, իհարկե, ճիշտ է միայն այն դեպքում, երբ բացթողումը միտումնավոր չի արվում, և չկան այլ նպատակներ: Վստահ ենք՝ որևէ միտում չի եղել և պարզապես գործընթացի սխալ կազմակերպման հետևանք է:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյան,
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան