ՀՊՏՀ գիտնականների հետազոտական աշխատանքները կնպաստեն Արարատի մարզի զարգացմանը. հանդիպում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1942

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ պրոֆեսորադասախոսական կազմի և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցում էին գիտության գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը: Հանդիպման առիթը Արարատի մարզպետարանի և ՀՊՏՀ-ի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում հայտարարված համատեղ հետազոտական թեմաների շուրջ քննարկումն էր:

Բացելով հանդիպումը՝ պրոռեկտոր Տիգրան Մնացականյանն անդրադարձավ սույն համագործակցության կարևորությանը՝ նշելով, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաքելությունը միտված է Հայաստանի տնտեսության զարգացման խոչընդոտների վերացմանն աջակցելուն, այդ հարցում մասնագիտական հիմնավոր մոտեցումներ ներկայացնելուն: Պրոռեկտորի խոսքով՝ նախորդ տարիներին տարածքային անհամաչափ զարգացման հիմնախնդրի շուրջ տարբեր հետազոտություններ են արվել, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով սպասված արդյունք չեն տվել: Կարևորելով ներկա համագործակցությունը՝ Տիգրան Մնացականյանը հույս հայտնեց, որ այն հնարավորություն կընձեռի ՀՊՏՀ գիտնականներին հանդես գալու հետազոտական այնպիսի աշխատանքներով, որոնք կնպաստեն մարզի զարգացմանը:

Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը նշեց, որ ներկայացվել են 6 թեմաներ, որոնց շուրջ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացրել է հայտեր:

Այնուհետև ներկաները հարցեր ուղղեցին Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներին, ովքեր հանգամանորեն պատասխանեցին դրանց՝ ներկայացնելով իրենց մոտեցումները, ծրագրերը, մարզի զարգացման տեսլականը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին