KPMG Armenia-ն ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար անցկացրեց եռօրյա անվճար դասընթացներ

23.03.2023
Դիտումների քանակ՝ 976

ՀՊՏՀ-ի և  KPMG Armenia-ի համագործակցության շրջանակներում ընկերության ներկայացուցիչները մարտի 21-23-ը եռօրյա անվճար դասընթացների շարք անցկացրին ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար, իսկ այսօր շուրջ 7 տասնյակ մասնակիցներ ստացան հավաստագրեր։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ վերապատրաստման, որակավորման բարձրացման, գիտելիքների թարմացման գործընթացը պետք է շարունակական լինի յուրաքանչյուր ՀՊՏՀ-ականի համար և հույս հայտնեց, որ այս դասընթացների շարքը շատերին կծառայի որպես նոր ճանապարհի սկիզբ։

«Կարծում եմ՝ մասնագիտական այն գիտելիքները, որ դուք ստանում եք Տնտեսագիտականում, պետք է շաղախված լինեն ոչ ֆորմալ կրթության ընձեռած գործնական հմտություններով։ KPMG-ն ձեզ տալիս է այդ հրաշալի հնարավորությունը, որը, հուսով եմ, նոր ճանապարհներ կբացի ձեր մասնագիտական առաջխաղացման համար։ Վստահ եմ նաև, որ Տնտեսագիտականը KPMG-ի հետ իր համագործակցությունը կշարունակի այլ նախագծերի շրջանակներում ևս»,- ասաց ռեկտորը։

Ընկերության ՄՌԿ բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը, խոսելով KPMG Armenia ընկերությունում աշխատանքի հնարավորությունների մասին, ընդգծեց, որ իրենց ընկերության համագործակցությունը Տնտեսագիտականի հետ մի քանի ուղղություններով է զարգանում․ «Մեր գրասենյակում այսօր աշխատում են իսկապես տաղանդավոր, հմուտ երիտասարդներ՝ խորհրդատվության, հարկային իրավաբանության և աուդիտի ոլորտներում, որոնք հենց այս բուհի շրջանավարտներ են։ Հետևաբար, մենք շատ բարձր ենք գնահատում այս համագործակցությունը և ուրախ կլինենք՝ հետագայում ևս մեր աշխատակիցների շարքերը համալրված տեսնել ՀՊՏՀ-ականներով»։

Եռօրյա դասընթացների շրջանակներում ընկերության տնօրեն Դավիթ Շամշյանի, ավագ խորհրդատու Սևակ Մանուկյանի և ավագ մենեջեր Շողիկ Ղարիբյանի դասախոսությունները ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի, կորպորատիվ ֆինանսների և կազմակերպությունների գնահատման հիմնական ասպեկտների, ինչպես նաև հարկային օրենսդրության վերաբերյալ էին։

Ավարտին մասնակիցները լրացրեցին թեստ, որի արդյունքների հիման վրա KPMG Armenia ընկերությունում փորձառության և աշխատանքի հնարավորություն կստանան։