Հրաձգության առաջնությամբ մեկնարկեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը. ՀՊՏՀ-ն անհատական պայքարում մրցանակային տեղ զբաղեցրեց
Հունվարի 29-ից փետրվարի 15-ը մեկ տասնյակից ավելի հայաստանյան բուհերի դասախոսական թիմեր կմրցեն 6 մարզաձևերի առաջնություններում. մեկնարկեցին ՀՊՏՀ-ի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող «Դասախոսական գավաթ» ամենամյա միջբուհական խաղերը:
Այսօր 10 բուհերի մասնակցությամբ ԵՊՀ հրաձգարանում կայացավ հրաձգության առաջնությունը: Մասնակցում էին 10 բուհերի թիմեր՝ ՀՊՏՀ, ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀԱՊՀ, ԵՊԲՀ, ԵՊԼՀ և այլն: Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ-ն, ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, արդեն 5-րդ անգամ է կազմակերպում դասախոսական մարզական խաղերը և բուհերին մաղթեց արդար մրցակցություն:
Այսպիսով, 1-ին տեղը զբաղեցրեց ԵՊՀ-ն, 2-րդը՝ ՀԱՊՀ-ն (Պոլիտեխնիկ), 3-րդը՝ ՀՊՄՀ-ն (Մանկավարժական): ՀՊՏՀ-ն թիմային պայքարում հայտնվեց 4-րդ հորիզոնականում, իսկ աղջիկների անհատական պայքարում ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի լրագրող Նանե Ավանեսյանը նվաճեց բրոնզե մեդալ (3-րդ մրցանակային տեղ):
Նշենք, որ մարզական միջոցառումն այս տարի նվիրվում է Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ 45-ամյակին:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 15-ին կայանալիք ամփոփիչ միջոցառմանը:
Շնորհավորում ենք մասնակիցներին և հաղթողներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին